«Միջմշակութային երկխոսություն» կոնֆերանսում ԵԽՆԿ-ն կներկայացնի ՀՀ մշտական ներկայացուցիչը

PanARMENIAN.Net - Եվրոպայի Խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Քրիստիան Տեր-Ստեփանյանը կներկայացնի ԵԽ Նախարարների կոմիտեն «Միջմշակութային երկխոսություն» կոնֆերանսում: Համապատասխան որոշումը կայացվել է օրերս տեղի ունեցած Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի նիստում, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Կոնֆերանսը տեղի կունենա հոկտեմբերի 27-28-ը Պորտուգալիայի Ֆարո քաղաքում Եվրոպական մշակութային կոնվենցիայի 50-րդ տարեդարձի շրջանակներում: Կոնֆերանսի հիմնական նպատակներից մեկն է ձեւավորել քաղաքական մոտեցում, որի վրա հիմնվելով, Եվրոպայի խորհուրդը կկառուցի իր ռազմավարությունը եվրոպական հասարակությունում, նաեւ Եվրոպայի եւ աշխարհի այլ երկրների միջեւ միջմշակութային երկխոսությունը զարգացնելու համար: Բացի այդ, կոնֆերանսի ընթացքում նախատեսվում է հստակեցնել գործողությունների ուղղությունները, որոնց վրա հիմնվելով այդ ռազմավարությունը կարող է իրագործվել Եվրոպական մշակութային կոնվենցիային անդամակցած պետությունների միջեւ միջկառավարական համագործակցության միջոցով եւ եվրոպական հասարակությունում` օգտագործելով Եվրոպայի խորհրդի գործունեության զանազան ուղղությունները: Առաջին անգամ է, երբ Եվրոպայի խորհուրդը փորձ է անում հստակ մեխանիզմներ մշակել` միջմշակութային երկխոսության հստակեցման ուղղությամբ: Այդ նպատակով կոնֆերանսի ընթացքում նախատեսվում է ստորագրել մի շարք փաստաթղթեր` նպատակաուղղված մշակութային երկխոսության հստակեցմանն ու ամրապնդմանը: Բացի այդ ԵԽՆԿ որոշման համաձայն, Ֆարոյում ստորագրման համար կբացվի ԵԽ Մշակութային ժառանգության արժեքների վերաբերյալ Շրջանակային կոնվենցիան:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---