Ջ.Էվանս.Գործարարությունը կարող է կարեւոր դեր կատարել հակամարտությունների կարգավորման հարցում

PanARMENIAN.Net - «Մենք հավատում ենք, որ առեւտուրը կհանգեցնի հակամարտությունների կարգավորմանը»,-հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը այսօր Երեւանում մեկնարկած «Ընդհանուր ապագա» խորագրով տարածաշրջանային կոնֆերանսում, որի կազմակերպիչը Հայաստանի ամերիկյան առեւտրային պալատն է: Նրա խոսքերով, թեեւ չի կարելի պնդել, թե առեւտուրը եւ տնտեսությունը գերակայում են հակամարտության համեմատությամբ, սակայն կարող են ազդել նրա կարգավորման վրա: «Եթե դիտարկենք հարավկովկասյան տարածաշրջանը ընդհանուր առմամբ, ապա կտեսնենք, որ այնտեղ շատ հաճախ են հակամարտություններ առաջանում, եւ գործարարությունն ու առեւտուրը կարող են կարեւոր դեր կատարել դրանց կարգավորման հարցում»,-հայտարարել է Ջոն Էվանսը: Նրա կարծիքով, բիզնեսը եւ կառավարությունը զգում են միմյանց կարիքը եւ կարող են օգնել իրար: Նա կոչ արեց բոլոր գործարար մարդկանց, որոնք խնդիրներ ունեն կապված բիզնեսի հետ, դիմել Հայաստանի ամերիկյան առեւտրային պալատ` նշելով, որ «մենք միասին կլուծենք բոլոր խնդիրները» եւ «միասին կզարգացնենք տարածաշրջանը»: Մեկնաբանելով Հայաստանի դատաիրավական համակարգի բարեփոխումը` Հայաստանում ԱՄՆ դեսպանը հայտարարել է, որ ամենակարեւորը տնտեսության հաջող զարգացման համար ազնիվ եւ արդյունավետ դատարաններ ունենալու անհրաժեշտությունն է: «Դա առավել կարեւոր է, քան այլ արժեքները»,-հայտարարել է նա: Ջ.Էվանսը նշել է, որ առաջընթացը դատաիրավական համակարգի բարեփոխման գործում լավ առիթ է հանդիսանում տնտեսության բարելավման համար: Նշենք, որ Հայաստանի ամերիկյան առեւտրային պալատը հիմնվել է 2000 թվականին գործարար հանրության խնդիրները քննարկելու եւ լուծելու նպատակով: Պալատում ընդգրված են շուրջ 80 ընկերություններ, որոնք ունեն ամերիկյան արժեթղթերի մասնաբաժին եւ լայնամասշտաբ ապրանքաշրջանառություն ԱՄՆ-ի հետ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---