Սերժ Սարգսյան. Մենք ճանաչելու ենք ԼՂՀ անկախությունը, եթե Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսի

Սերժ Սարգսյան. Մենք ճանաչելու ենք ԼՂՀ անկախությունը, եթե Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսի

PanARMENIAN.Net - Ի՞նչ է տալու այսօր ԼՂՀ անկախության ճանաչումը ԼՂ քաղաքացիներին և ՀՀ քաղաքացիներին: Արդյո՞ք ճանաչումը դարձնելու է այդ քաղաքացիների կյանքն ավելի անվտանգ: Արդյո՞ք այդ ճանաչումն ավելացնելու է ներդրումների հոսքը կամ Լեռնային Ղարաբաղ ուղղվող վարկային միջոցները: Այդ որոշումը բարելավելո՞ւ է ԼՂ բնակիչների կյանքը, այդ որոշումը ճանապարհներն ավելի լա՞վն է դարձնելու: Այս խնդիրներին է անդրադարձել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը որոշ լրատվամիջոցների լրագրողների հետ հանդիպմանը՝ մեկնաբանելով Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկը ճանաչել ԼՂՀ անկախությունը:

Սերժ Սարգսյանը նշել է, որ խելամիտ պաշտոնյան, խելամիտ քաղաքական գործիչը մինչև որոշում ընդունելը, մինչև խոսելը չեմ ասում, մինչև որոշում ընդունելը՝ պետք է հասկանա, թե ի՞նչ արդյունքների է հասնելու, ի՞նչ գին է վճարելու այդ որոշումն իրականացնելու համար և ո՞ւր է հասնելու: Նախագահը մասնավորապես ասել է. «Ի՞նչ է տալու, ուզում եմ մեկն ու մեկդ ինձ ասեք: Խնդրում եմ ասեք, ի՞նչ է տալու ԼՂ բնակչությանը ՀՀ կողմից ԼՂՀ ճանաչումը: Հարցը հռետորական չի, իրական հարց է: Այստեղ նստած եք մարդիկ, ովքեր արդեն 2 տասնամյակ է այդ խնդրի մասին խոսում եք, գրում եք, ասացեք, ի՞նչ օգուտ է տալու: Մի օգուտ ասեք: Եթե լռություն է, անցնեմ ՀՀ քաղաքացիներին. ի՞նչ է տալու այդ որոշումը ՀՀ քաղաքացիներին: Ի՞նչ ենք մենք դրանից ստանալու: Դրանից Հայաստանն ավելի անվտա՞նգ է դառնալու: Դրանից մեր զինվորների կյանքն ավելի անվտա՞նգ է դառնալու: Դրանից Հայաստանի միջազգային հեղինակությունը բարձրանալո՞ւ է: Դրանով մենք շահելո՞ւ ենք մեր գործընկերների վստահությունը: Մենք ասելու ենք, որ միջազգային հանրության լիիրավ և պատասխանատու անդա՞մ ենք: Չեմ տեսնում մի բան, որ տալու է ՀՀ քաղաքացիներին կամ ՀՀ-ին: Հիմա, խնդրեմ, հարցին անդրադառնանք մյուս կողմից: Որքանո՞վ է վտանգելու այդպիսի որոշումը Լեռնային Ղարաբաղի բնակչությանը: Կարծում եմ, այստեղ տարակուսելու բան չկա: Բայց ավելի կարևոր հանգամանք կա: Այսինքն՝ որևէ մեկը տարակույս չպետք է ունենա: Եթե մենք այդպիսի որոշում կայացնենք, ուրեմն բանակցությունները դադարեցվելու են: Դուք կասկածո՞ւմ եք դրանում:

Կարծում եմ, որևէ մեկը չի կասկածում: Հակառակ պարագայում ինչի՞ մասին պետք է բանակցենք: Այսինքն, դա ապտակ է լինելու ոչ միայն բանակցող մյուս կողմին, այլ նաև համանախագահներին: Առավել ևս, երբ մենք հրապարակից վիրավորական խոսքեր ենք հնչեցնում Մինսկի համանախագահներին, այդ երկրների ղեկավարներին: Բա, հանկարծ, եթե պատերազմ սկսվի, մենք միայնակ ամբողջ աշխարհի դե՞մ ենք կռվելու: Գիտեք, այդպիսի կոչեր, այդպիսի հայտարարություններ կարող են անել մարդիկ, ովքեր պատասխանատվություն չունեն որևէ բանի հանդեպ: Նրանց թվում է, թե ժողովրդի ականջին դա շատ հաճելի մի բան է: Միգուցե, Տորոնտոյում ապրող մի հայի համար կարող է շատ հաճելի լինել, եթե ՀՀ-ն ճանաչի ԼՂՀ անկախությունը: Բայց արդյո՞ք դրա համար արժե վտանգել հազարավոր մարդկանց կյանքեր: Դրա համար արժե՞ ձախողել 20 տարի տևող բանակցությունները, որի արդյունքում մեր հակառակորդ Ադրբեջանը հրաժարվում է փաստաթղթից, որ սեղանի վրա է, իսկ մենք ասում ենք՝ սա ինչ-որ չափով մեզ բավարարում է»:

«Մի անխոհեմ որոշմամբ մենք ջո՞ւրը լցնենք հազարավոր մարդկանց կյանքի գինը: Մարդ պետք է հասկանա՝ ի՞նչ է պատերազմ: Պետք է տեսած լինես, որ իմանաս: Պատճառը սա էր, որ ես միանգամից կոշտ արձագանքեցի, որովհետև ավելի անխոհեմ քայլ ԼՂ խնդրի հարցում չի կարելի մտածել: Ուղղակի, չի կարելի, անհնար է: Բայց ես ասել եմ և ես ասել եմ հրապարակավ, ասել եմ միջազգային հարթակներում, ՀՀ-ում, որ, նորից եմ կրկնում, մենք ճանաչելու ենք ԼՂՀ անկախությունը, եթե սկսվեն ռազմական գործողություններ: Այն ժամանակ կորցնելու ոչինչ չունենք և մենք, այո, հայտարարելու ենք, որ մենք միասնական պետություն ենք կամ ԼՂ-ն անկախ պետություն է, և մենք ԼՂ բնակչության անվտանգության երաշխավորն ենք: Բայց ինքնե՞րս առիթ դառնանք ռազմական գործողություններ սկսելու: Ոչ: Մենք ճանաչելու ենք ԼՂՀ անկախությունը, եթե Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսի կամ էլ ստեղծի այնպիսի անելանելի դրություն, որ մենք այլընտրանք չունենանք:

Մնացած բոլոր պարագաներում նույնիսկ այդ մասին մտածելը դավաճանություն է մեր զինվորների նկատմամբ, մեր քաղաքացիների նկատմամբ: Մենք խոսում ենք արտագաղթի մասին, հրահրում ենք պատերա՞զմ: Մենք խոսում ենք մայրերին խրախուսելու մասին և ասում ենք պատերա՞զմ ենք սկսում: Մենք խոսում ենք ժողովրդավարության մասին և այնպիսի անխոհեմ որոշմամբ ամեն ինչը դնում ենք վտանգի տա՞կ»,-ասել է Սերժ Սարգսյանը:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---