«Երևանյան հեռանկարներ»-ի 14-րդ համերգաշրջանը կբացի Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախումբը

«Երևանյան հեռանկարներ»-ի 14-րդ համերգաշրջանը կբացի Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախումբը

PanARMENIAN.Net - Ապրիլի 11-ին Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգով կբացվի «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի 14-րդ համերգաշրջանը։ Նվագախումբը կղեկավարի 11 «Գրեմմի» մրցանակների արժանացած ամերիկացի հռչակավոր դիրիժոր Մայքլ Թիլսոն Թոմասը։ Համերգի մենակատարն է հանրահայտ դաշնակահար Եֆիմ Բրոնֆմանը։

Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը տեղի կունենա Արամ Խաչատրյան համերգասրահում ապրիլի 11-ին, ժամը 19:30-ին։ Ծրագրում կհնչեն Ֆրանց Շուբերտի Նախերգանք «Ռոզամունդ» դո մաժոր, Յոհաննես Բրամսի թիվ 2 սի բեմոլ մաժոր դաշնամուրային կոնցերտը և Յոհաննես Բրամսի թիվ 1 սոլ մինոր դաշնամուրային կվարտետը՝ Արնոլդ Շյոնբերգի փոխադրությամբ:

«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 14-րդ փառատոնն այս տարի կներկայացնի նաև Շանհայ քառյակը, Յուրի Բաշմետ֊-60 հոբելյանական համերգը, Սիդնեյի սիմֆոնիկ նվագախումբը՝ Վլադիմիր Աշկենազիի ղեկավարությամբ, աշխարհահռչակ բարիտոն Դմիտրի Խվորոստովսկուն և դիրիժոր Կոնստանտին Օրբելյանին, Ստեֆան Վիլլիխին, Ալեքսեյ Լյուբիմովին և այլ մեծանուն երաժիշտների:

Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախումբը ստեղծվել է 1842 թվականին, այն աշխարհի լավագույն նվագախմբերից է, որի հետ աշխատել են ականավոր դիրիժորներ և կոմպոզիտորներ Ռիխարդ Վագները, Ջուզեպպե Վերդին, Անտոն Բրուքները, Յոհաննես Բրամսը, Ֆերենց Լիստը, Գուստավ Մալերը։ Անցյալ դարաշրջանում նվագախմբի համար նշանակալից էին երկարատև համագործակցություններն Արթուրո Տոսկանինիի, Վիլհելմ Ֆյուրթվանգլերի, Կառլ Բոմի, Հերբերտ ֆոն Կարայանի և Լեոնարդ Բերնսթայնի հետ։ Վիեննայի ֆիլհարմոնիկը հանդես է գալիս աշխարհի հեղինակավոր փառատոներում և համերգասրահներում։ Նվագախումբը կազմակերպում է հանրահայտ «Ամանորյա համերգը», որը միջազգայնորեն հեռարձակվում է ավելի քան 70 երկրներում։

Մայքլ Թիլսոն Թոմասը Սան Ֆրանցիսկոյի սիմֆոնիկ նվագախմբի երաժշտական տնօրենն է, Նոր աշխարհի սիմֆոնիկ նվագախմբի հիմնադիրը և գեղարվեստական ղեկավարը, Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր հրավիրյալ դիրիժորը։ 1971–1979 թթ. եղել է Բաֆալոյի ֆիլհարմոնիկի երաժշտական տնօրենը, իսկ 1981–1985 թթ Լոս Անջելեսի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր հրավիրյալ դիրիժորը: Նրա տասնյոթամյա գործունեությունը Սան Ֆրանցիսկոյի սիմֆոնիկ նվագախմբի երաժշտական տնօրենի պաշտոնում լայնորեն լուսաբանվել է միջազգային մամուլում: 2010 թ. ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պարգևատրել է Մայքլ Թիլսոն Թոմասին ամերիկյան կառավարության կողմից արվեստագետներին տրվող բարձրագույն պարգևով՝ Արվեստի ազգային շքանշանով։

Եֆիմ Բրոնֆմանը համարվում է մեր օրերի վիրտուոզ դաշնակահարներից մեկը։ Բրոնֆմանի 2012–2013 թթ. համերգաշրջանը սկսվել է Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համերգներով, սըր Սայմոն Ռեյթլի ղեկավարությամբ՝ Բեռլինում, Զալցբուրգում և Լոնդոնում։ Նախատեսվում է վերադարձ դեպի Զալցբուրգի Զատկի փառատոն՝ Դրեզդենի պետական կապելլայի և Քրիստիան Թիլեմանի հետ՝ Վիեննայի ֆիլհարմոնիկի և Մայքլ Թիլսոն Թոմասի հետ Վիեննայում, Լոնդոնում և Երևանում կայանալիք համերգներից հետո։ 1997 թվականին Եֆիմ Բրոնֆմանն արժանացել է «Գրեմի» մրցանակի՝ Բելա Բարտոկի դաշնամուրի երեք կոնցերտների ձայնագրության համար։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---