19 հոկտեմբերի 2005 - 15:24 AMT
Բաքուն շարունակում է ռադիոդիվերսիաները Լեռնային Ղարաբաղի դեմ
«Ադրբեջանը շարունակում է արհեստական խոչընդոտներ ստեղծել ԼՂՀ հարակից շրջանների հեռուստահեռարձակման համար: Հատկապես դա նկատելի է Մարտակերտի եւ Ասկերանի շրջանների սահմանամերձ բնակավայրերում, որտեղ հեռուստաեթերը գործնականում խափանված է»,- հայտարարել է «Արցախկապ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Սուրեն Միրզոյանը: Նա ադրբեջանական կողմի նման գործողությունները որակել է որպես «եթերային խուլիգանություն» եւ միջազգային հանրությանը կոչ է արել ազդել Ադրբեջանի վրա, որպեսզի դադարեցվեն ոտնձգությունները ԼՂՀ քաղաքացիների` տեղեկատվություն ստանալու իրավունքի դեմ: «ԼՂՀ-ի դեմ տարբեր ռադիոդիվերսիաները շարունակվում են արդեն երկրորդ տարին: Վերջին ժամանակներս այդ անօրինական գործողություններն ակտիվացել են. ադրբեջանական կողմը կանխամտածված հեռարձակում է նույն հաճախություններում, ինչ մենք` դրանով խոչընդոտելով մեր հեռարձակումներին: Մենք փոխում ենք հաճախությունները, սակայն հարեւան հանրապետությունում ուշադիր հետեւում են մեր գործողություններին եւ ամեն կերպ ձգտում են խանգարել սահմանամերձ շրջանների բնակչությանը»,- ասել է Սուրեն Միրզոյանը: Ընդ որում նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղը պատրաստ է շահագրգիռ միջազգային կառույցներին տրամադրել ադրբեջանական կողմի ռադիոխուլիգանության բոլոր փաստերը: «Մենք չենք ցանկանում նմանվել նրանց եւ ձեռնպահ ենք մնում համապատասխան միջոցներից, թեեւ ունենք բոլոր տեխնիկական հնարավորությունները դրանց կիրառման համար: Ավելին, մենք պատրաստ ենք ադրբեջանական կողմի հետ քննարկել մեր աշխատանքին վերաբերող ցանկացած վիճահարույց հարց: Մեր միակ նպատակը հանրապետության տարածքում նորմալ հեռարձակում ապահովելն է»,-ասել է Սուրեն Միրզոյանը: Միաժամանակ նա չի բացառել, որ եթե Ադրբեջանը շարունակի խոչընդոտել հեռարձակումներին Լեռնային Ղարաբաղում, ապա «Արցախկապը» ստիպված կլինի համապատասխան միջոցներ ձեռնարկել ԼՂՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանության համար, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: