Հասմիկ Պողոսյանը ծանոթացել է «Վերնատան» վերականգնման և գործարկման աշխատանքներին

Հասմիկ Պողոսյանը ծանոթացել է «Վերնատան» վերականգնման և գործարկման աշխատանքներին

PanARMENIAN.Net - Մարտի 22-ին Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակութային կենտրոնում կայացել է Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հանդիպումը Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որին մասնակցում էին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը, ՀԱԵ Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:

Պողոսյանը, անդրադառնալով իր եռօրյա աշխատանքային հանդիպումներին և բանակցություններին, ընդգծել է, որ այսօր ստեղծված է բարենպաստ մթնոլորտ երկու երկրների մշակութային համագործակցությունն առավել բարձր մակարդակի հասցնելու համար: Ընդհանուր գծերով ներկայացնելով երկու երկրների մշակութային համագործակցության հեռանկարները, նախարարը մանրամասն ներկայացրել է առաջիկայում իրականացվելիք կարևորագույն համատեղ միջոցառումները, իր մոտեցումները հայտնել է համայնքային մշակութային կյանքի ակտիվացման և այդ ուղղությամբ համայնքային և հայաստանյան կառույցների համագործակցության վերաբերյալ:

Մշակույթի նախարարը «Հայարտուն» կենտրոնին նվիրաբերել է նկարիչ Արարատ Սարգսյանի «Ջուղայի խաչքարեր» կտավը: Իսկ Պողոսյանին իրենց աշխատանքները նվիրել են թբիլիսահայ նկարիչներ Լևոն Օսիպովը և Թենգիզ Միկոյանցը: Վրաստան կատարած այցելության վերջին օրը ՀՀ մշակույթի նախարարի գլխավորած պատվիրակությունը Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարությունում մասնակցել է ժամանակակից անվանի բանաստեղծ Գագիկ Դավթյանի ` հայ և վրաց պոեզիային նվիրված գրքերի շնորհանդեսին:

Այցելության ավարտին նախարար Պողոսյանը և Մանուկյանը այցելել են նախորդ տարի անհատ բարերարի աջակցությամբ ձեռք բերված Հովհաննես Թումանյանի տունը և ծանոթացել «Վերնատան» վերականգնման և գործարկման հնարավորություններին:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---