Ր.Հովհաննիսյանի շտաբը պահանջում է անհապաղ բացահայտել նրա վրա հարձակված քաղաքացու ինքնությունը

Ր.Հովհաննիսյանի շտաբը պահանջում է անհապաղ բացահայտել նրա վրա հարձակված քաղաքացու ինքնությունը

PanARMENIAN.Net - Շաբաթ օրը՝ մարտի 23-ին, ժամը 18:00-ին, անհայտ մի տղամարդ Ազատության հրապարակում ճեղքել է հավաքված բազմության շարքերը և ուղղվել դեպի հարթակ, ուր Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը մասնակցում էր «Բարևահեղափոխություն» շարժման ամենշաբաթյա համերգին: Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբը միջադեպի վերաբերյալ հայտարարություն է տարածել:

«Շուրջ քսան ոստիկաններ, ում հանձնարարված էր հրապարակում կարգուկանոն ապահովել, անգործություն դրսևորեցին մինչ այն պահը, երբ քաղաքացիներն իրենք շրջափակեցին Հովհաննիսյանից տասը մետր հեռավորության վրա գտնվող հավանական մարդասպանին: Միջադեպից մոտ մեկ ժամ առաջ այդ նույն ոստիկանները բավական արդյունավետ կերպով կենդանի պատ ստեղծեցին Հովհաննիսյանի ռահակիցների և փոքր խոտածածկ տարածքի միջև, որտեղ տարեց մի ազատամարտիկ արվեստագետ լարախաղացի վրա փոքր ակրոբատիկ ներկայացում էր ուզում ցուցադրել:

Հանրայնորեն ապացուցված է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ղեկավարում է Հանրապետության պատմության մեջ ամենախաղաղ, սահմանադրական շարժումը և լրջորեն պայքարում է քաղաքացիների ու ոստիկանների միջև փոխադարձ հարգանքի ձևավորման ուղղությամբ: Այսպիսով, մենք մեծապես ցավում ենք, որ ստիպված ենք արտահայտել մեր խորը հիասթափությունը ՀՀ ոստիկանությունից, որը կատարելով անիրավ, քաղաքական հրահանգներ՝ միաժամանակ անհրաժեշտ պահին չխափանեց Րաֆֆի Հովհաննիսյանի նկատմամբ ոտնձգությունը և Ազատության հրապարակում չապահովեց քաղաքացիների անվտանգությունը:

Ավելին՝ մենք ոստիկանությանը կոչ ենք անում անհապաղ բացահայտել հնարավոր մարդասպանի ինքնությունը, ինչպես նաև հանրությանը տեղեկացնել հարուցվելիք քրեական գործի բոլոր մանրամասները: Եվ, վերջապես, մենք պահանջում ենք, որպեսզի ոստիկանությունը փոխի իր անհանդուրժողական վարքագիծը քաղաքացիների հանդեպ, ում նա կոչված է պաշտպանելու, բայց ում, փոխարենը, մղում է անվստահության, անհնազանդության և վարչակարգի վերջնական մերժման:

Ժողովրդի համբերությունն անսպառ չէ: Նրա հանդեպ կատարված ցանկացած ապօրինության կամ բռնության ամբողջական պատասխանատվությունը՝ ժողովրդի կողմից հնարավոր պատասխան քայլերի հետ մեկտեղ, ընկնելու է դե ֆակտո իշխանությունների և նրանց օրինապահ մարմինների վրա»,- ասված է հայտարարության մեջ:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---