26 հոկտեմբերի 2005 - 14:44 AMT
ԼՂՀ ղեկավար. Միջազգային հանրությունը ցանկանում է արագացնել ղարաբաղյան խնդրի կարգավորումը
2006 թվականին կարող է լուրջ դրական տեղաշարժ արձանագրվել ղարաբաղյան համակարտության խաղաղ բանակցություններում: Այդ մասին հայտարարել է Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանը: «Գուցե միջազգային միջնորդները գտնում են, որ ժամանակի տեսակետից հարմար պահ է», - ասաց Ղուկասյանը: - «Որովհետեւ Ադրբեջանում ավարտվում են խորհրդարանական ընտրությունները եւ... չկան ընտրություններ 2006 թվականի ընթացքում ո`չ Ղարաբաղում, ո`չ Հայաստանում, ո`չ Ադրբեջանում, ո`չ Ռուսաստանում, ո`չ Միացյալ Նահանգներում»: Նրա խոսքերով, զգացվում է, որ միջնորդները շտապում են: Նա հավելեց, թե դժվարանում է միանշանակ ասել, թե կա հիմք լավատեսության համար, քանի որ չբացառեց քաղաքական կոնյունկտուրայի դերակատարությունը. - «Իհարկե, դրական եմ համարում, որ Ադրբեջանը այսօր խոսում է Ղարաբաղի կարգավիճակի մասին, չի խուսափում քննարկումներից», - ասաց Ղուկասյանը: - «Այսօր կարելի է ենթադրել, որ Բաքուն գուցե պատրաստ է ավելի կոնստրուկտիվ դաշտում աշխատել: Ինչ վերաբերում է այդ կոնստրուկտիվիզմի աստիճանին` բավարա՞ր է լինելու այդ կոնստրուկտիվիզմը հարցի կարգավորման համար, ես, իհարկե, դժվարանում եմ պատասխանել: Մյուս կողմից, ես իրոք համոզված եմ, որ միջազգային հանրությունը շտապում է արագացնել այս հարցի կարգավորման գործընթացը»,-հայտարարել է ԼՂՀ ղեկավարը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: