Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի խնդիր լուծելու համար ֆինանսավորումը կսկսվի 2014 թ. սեպտեմբերին

Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի խնդիր լուծելու համար ֆինանսավորումը կսկսվի 2014 թ. սեպտեմբերին

PanARMENIAN.Net - Այսօր ՓԾ տնօրեն, գեներալ-մայոր Ս. Ազարյանը ՀՀ ԱԻ նախարարությունում հանդիպել է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Գ. Արզումանյանի և ՄԱԿ-ի փորձագետ Ռիչարդ Հուկի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցից թունավոր նյութերի հանման, հավաքման, փաթեթավորման և վերացման ծրագրի համաֆինանսավորման ու տեխնիկական հարցերը: Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկանում է ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Տևական ժամանակ Երևանի Նուբարաշեն թաղամասում գտնվող բլուրում թաղվել են ժամկետանց պեստիցիդներ և կայուն օրգանական աղտոտիչներ, այդ թվում` ԴԴՏ: Վերջին երկու տարիների ընթացքում, ԵԱՀԿ աջակցությամբ, մշակվել է արտակարգ իրավիճակի գործողությունների ծրագիր` կանխելու թունաքիմիկատների թափանցումը շրջակա միջավայր: Սակայն տեղանքն, այնուամենայնիվ, դեռևս վտանգ է ներկայացնում, քանի որ գտնվում է սողանքային ակտիվ գոտում, բնակեցված է և մոտ գյուղատնտեսական տարածքներին: Նշված ծրագիրն արդեն հաստատվել է։ Դրա ֆինանսավորումը կսկսվի 2014 թ. սեպտեմբերին` Գլոբալ էկոլոգիական ֆոնդի (ԳԷՖ) կողմից:

Ներկայացնելով խնդրի հետ կապված մինչ այժմ իրականացված միջոցառումները` Ս. Ազարյանն ասել է.«Մենք արդեն կառուցել ենք թունաքիմիկատների ոչնչացման գործարան, կատարել թունաքիմիկատների մոնիթորինգ, սակայն անելիքներ դեռ շատ կան: Խնդիրն այն է, որ թունաքիմիկատների գերեզմանոցը գտնվում է սողանքային գոտում, և մենք մոտ ժամանակներում պետք է իրականացնենք թունաքիմիկատների ոչնչացման ծրագիր` հնարավոր աղետներից խուսափելու համար»

«Ուրախալի է, որ դուք մեծ ծավալի աշխատանք եք կատարել այս խնդրի լուծման համար: Հետագա բոլոր գործողությունները պետք է կատարվեն միջազգային չափանիշներին համապատասխան: Կարծում եմ` դա Հայաստանի համար խնդիր չէ: Ծրագիրն իրականացնելիս մենք փորձում ենք ապահովել առավելագույն անվտանգություն», - ասել է Ռ. Հուկը:

ՄԱԿ-ի փորձագետը հայաստանյան իր գործընկերներին ներկայացրել է միջազգային փորձն ու խնդրի լուծման մի քանի տարբերակ, ինչից հետո քննարկվեցին ծրագրի մանրամասներն ու տեխնիկական հարցերը:

Հանդիպման վերջում կողմերի միջև համաձայնություն է ձեռք բերվել շարունակել համագործակցությունը` Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի չեզոքացման շուրջ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---