Առաջիկայում մայրաքաղաքում սպասվելիք մշակութային իրադարձությունների ցանկը

Առաջիկայում մայրաքաղաքում սպասվելիք մշակութային իրադարձությունների ցանկը

PanARMENIAN.Net - Ապրիլի 1-ին Աջափնյակ, Ավան, Էրեբունի, Մալաթիա-Սեբաստիա և Կենտրոն վարչական շրջաններում նախատեսվում է անցկացնել բացօթյա միջոցառումներ` աճպարարների, ձեռնածուների և կրկեսային 20 այլ արտիստների մասնակցությամբ:

Այդ նույն օրվանից երևանցիներն ու մայրաքաղաքի հյուրերը «Երևան Սիթի Տուր» զբոսաշրջային երկհարկանի ավտոբուսներով կկարողանան շրջել մայրաքաղաքի փողոցներով և ծանոթանալ պատմամշակութային հուշարձաններին` նյութերի նոր լեզուներով մատուցմամբ:

Մայրության և գեղեցկության տոնի առթիվ, ապրիլի 7-ին, մայրաքաղաքի տարբեր հատվածներում կանցկացվեն տարատեսակ միջոցառումներ: Այդ օրը, որպես յուրօրինակ նվեր, կվերագործարկվեն երևանյան շատրվանները: Մշակութային մի շարք միջոցառումներ կանցկացվեն ապրիլի 20-ին, երբ կամփոփվի Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելու կապակցությամբ անցկացված միջոցառումների տարին:

Ապրիլի 29-ին` պարի միջազգային օրը, կլինեն համաքաղաքային միջոցառումներ պարարվեստի գործիչների մասնակցությամբ: Կանցկացվի դիսկոտեկ, ուր ոչ միայն պրոֆեսիոնալները մասնակցություն կունենան, այլ նաև երիտասարդ և սկսնակ պարողները:

Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս ապրիլի 30-ին Երևանում մեծ շուքով կնշվի ջազի միջազգային օրը: Մայիսի 1-ին իր դռները կբացի Կենդանաբանական այգին: Այս և մայրաքաղաքի այլ զբոսայգիներում այդ օրը առաջին անգամ տեղի կունենա փողային նվագախմբերի համաքաղաքային փառատոն:

Որպես 2012 թվականի ամռանը Երևանում անցկացված սանկտպետերբուրգյան օրերի փոխադարձ այց, հուլիսի 3-7-ը ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում անցկացվելու է «Երևան քաղաքի մշակութային օրերը Սանկտ Պետերբուրգում» ծրագիրը:

Քաղաքապետարանի աջակցությամբ երևանցիները հնարավորություն կունենան մայրաքաղաքում հյուրընկալելու երաժշտարվեստի հայտնի դեմքերի` բազմաթիվ, այդ թվում՝ «Երևանյան հեռանկարներ» միջազգային փառատոների շրջանակում:Մայրաքաղաքում առաջիկայում անցկացվելիք հիմնական միջոցառումների մասին տեղեկացրել է Երևանի քաղաքապետի խորհրդական Արամ Սուքիասյանը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---