Լեհաստանում Թուրքիայի դեսպանատունը շարունակում է ճնշումները կապված
«հայկական հարցի» հետ

PanARMENIAN.Net - Թուրքիայի դեսպանատունը շարունակում է ազդել լեհական իշխանությունների որոշումների վրա` կապված հայերի հետ: Այդ մասին ուրբաթ օրը Վրոցլավում տեղի ունեցած «Հայերի մշակութային ժառանգությունը» խորագրով կոնֆերանսի ժամանակ հայտարարել է Լեհաստանում Հայ Առաքելական եկեղեցու հոգեւոր հովիվ Թադեուշ Իսահակյան-Զալեսկին, հաղորդում է PanARMENIAN.Net ի թղթակիցը Լեհաստանից: Կոնֆերանսը կազմակերպվել էր «Ապագայի Եվրոպա» կազմակերպության կողմից եւ նվիրված էր Լվովից Վրոցլավ հայերի ժամանման 60-ամյակին: Կոնֆերանսում քննարկվող գլխավոր թեման դարձավ Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդեսի տեղափոխումը քաղաքի կենտրոնից թանգարաններից մեկը: Կոնֆերանսին ներկա «Իրավունք եւ արդարություն» (PIS) կուսակցության ներկայացուցիչ Մարեկ Մուտորի խոսքերով, ցուցահանդեսի լուսանկարները ցնցող էին, սակայն դրանք արտացոլում էին պատմական իրողությունը եւ այդ պատճառով ցուցահանդեսը քաղաքի կենտրոնում չպետք է արգելվեր: Իր հերթին Թադեուշ Իսահակյան-Զալեսկին նշեց.«Եթե չլիներ թուրք դիվանագետների ճնշումը, ապա Հայոց ցեղասպանությանը նվիրված վավերագրական ցուցադրությանը կարող էին ծանոթանալ ոչ միայն Վրոցլավի բնակիչները, այլ նաեւ բազմաթիվ զբոսաշրջիկներ»: Նա կրկին հիշեցրեց անցյալ տարի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի տեղադրման հետ կապված պատմությունը, երբ Թուրքիայի դեսպանատունը դեմ էր այն բանին, որ հուշարձանի վրա փորագրվեն «Հայոց ցեղասպանություն» բառերը: «Սխալ է այն կարծիքը, թե ցուցահանդեսը տեղափոխվեց իբր այն պատճառով, որ բացասաբար էր անդրադարձել երեխաների հոգեկան վիճակի վրա: Ելնելով այդ տրամաբանությունից, հարկ կլիներ արգելել դպրոցական էքսկուրսիաները Օսվենցիմ»,-ընդգծել է Լեհաստանի Գիտությունների ակադեմիայի պատմական ինստիտուտի դոկտոր Գժեգոժ Կուչարչիկը: Նշենք, որ կիրակի օրը կմատուցվի պատարագ, որից հետո Սբ.Վոյցեխի եկեղեցու մոտ կտեղադրվի հուշատախտակ` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---