ԱԳՆ. Որպես ցեղասպանություն վերապրած, պարտք ենք համարում թույլ չտալ սոսկալի հանցագործության կրկնությունը

ԱԳՆ. Որպես ցեղասպանություն վերապրած, պարտք ենք համարում թույլ չտալ սոսկալի հանցագործության կրկնությունը

PanARMENIAN.Net - Մարտի 22-ին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում կոնսենսուսով ընդունվել է Հայաստանի առաջադրած «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևը: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանի խոսքով` ցեղասպանության կանխարգելումը միջազգային կառույցներում քննարկվող կարևորագույն, արդիական և ամենազգայուն խնդիրներից է: ԱԳՆ պաշտոնական կայքում հրապարակված հարցազրույցում Աշոտ Հովակիմյանը նկատում է, որ նման նախաձեռնությամբ հանդես գալը օգնում է այս կարևոր հարցը մշտապես միջազգային հանրության ուշադրության կենտրոնում պահելով նպաստել կանխարգելմանը, վերահաստատել պետությունների ջանքերի համախմբման կարևորությունը:

Ըստ Աշոտ Հովակիմյանի` միջազգային կառույցներում որևէ նախաձեռնութան դրսևորումը պայմանավորված է տվյալ երկրի քաղաքականության առաջնայնություններով, մեր պարագայում ցեղասպանության կանխարգելումը, ցեղասպանության հանցագործությունների պատժումը և, այդպիսով, անվտանգ միջազգային միջավայր ստեղծելուն նպաստելը ՀՀ արտաքին քաղաքականության առաջնայնություններից է, և այս ուղղությամբ ՀՀ որևէ քայլ արդեն իսկ արժեքավոր և կարևոր է: «Որպես ցեղասպանություն վերապրած և աշխարհասփյուռ հայության ջանքերով ցեղասպանության հանցագործության դեմ պայքարի փորձ ունեցող ժողովուրդ, մենք մեր պարտք ենք համարում թույլ չտալ նման սոսկալի հանցագործության կրկնությունը որևէ ժողովրդի հանդեպ և վստահ ենք, որ այդ նպատակին հասնելու կարևորագույն պայմանը պետությունների համատեղ ջանքերի գործադրումն է: Նշեմ նաև, որ բանաձևի ներկայացումը ՀՀ ԱԳՆ առաջարկով ընդգրկվել էր ՀՀ կառավարության գործունեության 2013թ. գերակա խնդիրների ցանկում»,- նկատել է նա:

Բանաձևով պետություններին առաջարկվում է քննարկել ցեղասպանության կանխարգելման հարցերով պատասխանատու անձերի նշանակում, որոնք կարող են համագործակցել, փոխանակել տեղեկատվություն և փորձ ինչպես միմյամց միջև, այնպես էլ ցեղասպանության կանխարգելման հարցերով գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականի, ՄԱԿ-ի այլ կառույցների և տարածաշրջանային ու ենթատարածաշրջանային մեխանիզմների հետ:

«Բանաձևը կոչ է անում ՄԱԿ-ի անդամ երկրներին, որպես կանխարգելիչ միջոց, ձեռնարկել քայլեր, այդ թվում` զոհերի հիշատակը հարգող ազգային օրեր սահմանելու միջոցով: Ցեղասպանությունների պատմությունը միայն անցյալ չէ, դա նաև ներկա է, որը վերաբերում է մեզ բոլորիս, անկախ ծագման, ռասայական կամ կրոնական պատկանելությունից»,- ընդգծել է ԱԳ փոխնախարարը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---