Արդյունաբերությունը Հայաստանում դարձել է քաղաքական կատեգորիա

Արդյունաբերությունը Հայաստանում դարձել է քաղաքական կատեգորիա

PanARMENIAN.Net - Արդյունաբերության, որպես Հայաստանի էկոնոմիկայի գերակա ուղղության, զարգացման մասին այսօր խոսում է յուրաքանչյուր պաշտոնատար անձ, քանի որ իշխանությունները 2011թ. կոնկրետ չափորոշիչներ են որդեգրել այդ առումով և հաստատել են Արտահանմանը միտված արյդունաբերական քաղաքականության ռազմավարությունը: «Արդյունաբերությունը Հայաստանում դարձել է քաղաքական կատեգորիա»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Հայրենական արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը:

Ռազմավարության մեջ երեք փուլ է առանձնացված, որոնք պետք է ապահովեն զարգացումը 11 ուղղություններով: Փաստաթղթում ընդգրկված բոլոր ուղղությունների համար նախատեսվում են առանձին հայեցակարգեր, իսկ երեքի համար՝ կոնյակագործություն, դեղագործություն և ճգրիտ հաստոցաշինություն, դրանք արդեն մշակված են:

Ըստ նրա, կոտրվում է այն կարծրատիպը, որ կառավարությունը վատ ղեկավար է, քանի որ վերջին 2 տարիներին ակտիվորեն մասնակցում է մասնավոր հատվածի հետ համատեղ ծրագրերի իրականացմանը: «Ինչպես ցույց տվեց կյանքը, նման համագործակցությանն այլընտրանք չկա»,-ասել է Սաֆարյանը:

Այնուամենայնիվ, Հայրենական արտադրողների միությունը արդյունաբերական քաղաքականության շրջանակներում խնդիր է դրել 2 տարում կրկնապատկել արտադրությունը: Արդյունաբերության ոլորտի աճն 2013թ. առաջին ամիսներին արդեն բավականին մեծ է: Ընթացիկ տարվա հունվար-փետրվարին հանրապետությունում արտադրվել է 188 մլրդ դրամի արդյունաբերական ապրանք, ինչը 16 տոկոսով ավելի է 2012թ. նույն շրջանի ցուցանիշից: Սակայն արտահանման ծավալները դեռ զիջում են ներկրման ծավաներին: 2012թ. Հայաստանը ներկրել է 4,2 մլրդ դոլարի ապրանք, իսկ արտահանել է 1,7 մլրդ դոլարի: Սաֆարյանն առաջարկում է ուսումնասիրել ներկրման կառուցվածքը, հասկանալու համար, թե հատկապես ինչ է պետք արտադրել երկրում և ավելացնել տեղական արտադրանքը, որպեսզի ներմուծման ու արտահանման ծավալները հավասարվեն՝ դա առաջնային խնդիր է առաջիկա 2-3 տարվա համար:

Ի՞նչ է պետք անել դրա համար: Առաջինը, ըստ մասնագետի, հարկավոր է հատուկ ֆինանսական քաղաքականություն, ուղղված բանկային տոկոսադրույքների նվազեցմանը: Երկրորդը, ազատ տնտեսական գոտիների ստեղծում սահմանամերձ շրջաններում, որտեղ կա մեծ ներուժ թեթև արդյունաբերության զարգացման համար: Կարևորագույն քայլերից մեկն է ներդրումային մթնոլորտի բարելավումը հավասար մրցակցության հաշվին, ինչը թույլ կտա ներդրումների ծավալը երկրում ավելացնել:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---