Այսօր Սուրբ Մարիամ Աստվածածնի ավետման և Մայրության ու գեղեցկության տոնն է

Այսօր Սուրբ Մարիամ Աստվածածնի ավետման  և Մայրության ու գեղեցկության տոնն է

PanARMENIAN.Net - Ապրիլի 7-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Մարիամ Աստվածածնի ավետման տոնը: Ամենայն Հայոց կաթողիկոսն այդ օրը հռչակել է որպես մայրերի և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր:

Ապրիլի 7-ին բոլոր եկեղեցիներում պատարագ է մատուցվում և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության կարգ է կատարվում:

Ամենայն Հայոց կաթողիկոսը օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել:

«Համայն հայության նվիրական սրբավայր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք հղում տիկնանց և օրիորդաց Սուրբ Աստվածածնի ավետման տոնի և Մայրության ու գեղեցկության օրվա առիթով: Ավետման տոնը առ Աստված փառաբանության և Բարձյալի ամենազոր կամքին Սուրբ Կույսի օրինակով հնազանդվելու լուսավոր խորհուրդն է կրում, ով իր մաքուր հավատի, համեստության ու խոնարհության շնորհիվ դարձավ Տիրոջ շնորհընկալը և օրհնյալ համարվեց կանանց մեջ: Մեր մաղթանքն է, որ Սուրբ Կույսի պայծառ կերպարը միշտ ներշնչման աղբյուր և օրինակ լինի մեր մայրերի, քույրերի ու դուստրերի համար, որպեսզի ջերմ հավատքով ապրեն իրենց կյանքը և նվիրումով, ազնիվ ու բարի գործերի օրհնությամբ լցնեն իրենց ընտանեկան հարկերը և հոգևոր ու ազգային մեր կյանքը: Բոլոր տիկնանց ու օրիորդաց համար հայցում ենք գթառատ բարեխոսությունը Սուրբ Տիրամոր, որ նրա Որդու և մեր Տիրոջ օրհնության ներքո ապրեն խաղաղության մեջ, քաջառողջ, բարօր ու երջանիկ: Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհներն ու սերը թող լինեն ամենքիդ հետ. Ամեն»,-ասված է կաթողիկոսի ուղերձում:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---