Թիվ 89 դպրոցում ուժեղ երկրաշարժի սցենարով ուսումնական տարհանում է կազմակերպվել

Թիվ 89 դպրոցում ուժեղ երկրաշարժի սցենարով ուսումնական տարհանում է կազմակերպվել

PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայությունը Երևանի Դ. Վարուժանի անվան թիվ 89 դպրոցում կազմակերպել էր ուժեղ երկրաշարժի սցենարով ուսումնական տարհանում։Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկանում է ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Նախորդ երկու շաբաթների ընթացքում ՍՊԾ մասնագետներն ուսուցում, դասախոսություններ, կազմակերպչական և նախապատրաստական աշխատանքներ են տարել դպրոցի ուսուցչական կազմի և աշակերտների հետ` ծանոթացնելով նրանց տարհանման կանոններին: Վարժանքի հիմնական նպատակն էր գործնականում կիրառելով ստուգել ու ամրապնդել երեխաների և մանկավարժների հմտությունները` երկրաշարժի դեպքում անվտանգության վարքականոնների վերաբերյալ:

Ժամը 10.15-ին տրվեց տագնապի ազդանշան, ինչից հետո, քառահարկ դպրոցի 5 մուտքերից, 2,5 րոպեի ընթացքում տարհանվեցին դպրոցի բոլոր աշակերտներն ու աշխատակազմը` համատասխանաբար 1076 և 84 հոգի: Հաշված վայրկյանների ընթացքում միջոցառման բոլոր մասնակիցներն արդեն դպրոցի սպորտային հրապարակում էին, որտեղ էլ դպրոցի զինղեկը տնօրեն Օֆելյա Պետրոսյանին զեկուցել է միջոցառման ավարտի և տարհանման բարեհաջող ընթացքի մասին:

Ամփոփելով թիվ 89 դպրոցում կայացած ուսումնական տարհանման արդյունքները` ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության պետ Հ. Պետրոսյանն ասել է.«Մեր խնդիրն է ուժեղ երկրաշարժի դեպքում դպրոցների աշակերտներին և աշխատակազմի անդամներին հնարավորինս արագ և ապահով դուրս բերել անվտանգ տարածք: Այսօրվա ուսումնական տարհանումը բարեհաջող ավարտվեց և անցավ շատ բարձր մակարդակով, չեղավ խուճապ ու հրմշտոց, երեխաներն ու մանկավարժները շատ լավ էին պատրաստված: Բոլորը շատ կազմակերպված դուրս եկան դպրոցի շենքից: Մենք նախապատրաստում ենք մանկավարժներին, որպեսզի հետագայում նրանք արդեն ինքնուրույն ծանոթացնեն երեխաներին երկրաշարժի վարքականոններին»:

Կատարված աշխատանքին դրական գնահատական է տվել նաև դպրոցի տնօրեն Օ. Պետրոսյանը.«Սա մեր դպրոցում անցկացված առաջին նման միջոցառումն էր, և ես համոզված եմ, որ հաջորդ անգամ մենք ավելի կարճ ժամանակահատվածում կկարողանանք տարհանել երեխաներին, քանի որ այժմ բոլորը գիտեն, թե ինչպես պետք է գործել երկրաշարժի դեպքում:

Հ. Պետրոսյանը հայտնել է, որ նման միջոցառումները դպրոցներում շարունակական են լինելու:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---