Մանուկ Դեմիրճյանի «Հայկական դպրոց» էլեկտրոնային տեղեկատու ստեղծելու առաջարկը հավանության է արժանացել

Մանուկ Դեմիրճյանի «Հայկական դպրոց» էլեկտրոնային տեղեկատու ստեղծելու առաջարկը հավանության է արժանացել

PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանի մասնակցությամբ, կայացավ տեսակոնֆերանս Ավստրալիայի Սիդնեյ քաղաքի հայ համայնքի հայկական դպրոցների տնօրենների, մանկավարժների և ՀՀ սփյուռքի նախարարության պատասխանատու աշխատակիցների միջև:

Համազգայինի Արշակ և Սոֆի Գոլստըն վարժարանի տնօրեն Նշան Պասմաճյանը գոհունակությամբ խոսեց նախարարության պատվերով և նախաձեռնությամբ ստեղծված արևմտահայերենի դասագրքերի մասին: ՀԲԸՄ Ալեքսանդր վարժարանի տնօրեն Մանուկ Դեմիրճյանը ցանկություն հայտնեց Հայաստանի որևէ դպրոցի հետ քույրացման գործընթաց սկսելու, իսկ Հովհաննես Թումանյանի անվան մեկօրյա դպրոցի տնօրեն Ռոբերտ Գրիգորյանը խոսեց հայերեն դասական ուղղագրությամբ դասագրքերի անհրաժեշտության մասին:

Նշելով, որ ՀՀ սփյուռքի նախարարության նախաձենությամբ Արշակ և Սոֆի Գոլստըն վարժարանի և Երևանի թիվ 136 դպրոցի քույրացման արդյունավետ փորձը արդեն կա, Հ. Հակոբյանը հավաստիացրեց, որ երկու խնդիրներն էլ առաջիկայում իրենց լուծումները կգտնեն:

ՀԲԸՄ Ալեք Մանուկյան մեկօրյա վարժարանից ուսուցչուհի Սիլվա Աղաբեկյանը կարևորեց Հայրենիքի, հայ մշակույթի մասին պատմող խտասալիկների անհրաժեշտությունը: Մեկօրյա վարժարանի հայերենի ուսուցչուհի Սաթիկ Գևորգյանը փորձի փոխանակման կարգով խոսեց հայ մանուկներին 4 տարեկանից նախակրթարաններում պատրաստելու օգտակարության մասին: Կարևոր է ուշադրություն դարձնել նաև ուսուցիչների համար մեթոդական ձեռնարկների պատրաստմանը: ՀՀ սփյուռքի նախարարը հավաստիացրեց, որ համայնք կուղարկվեն հայ գործիչների և հայկական մշակույթի մասին պատմող խտասալիկներ և «Խոսող Այբբենարան»:

Սփյուռքի նախարարությունից հայտնում են, որ տեսակոնֆերանսի մասնակիցները հավանության արժանացրին ՀԲԸՄ Ալեքսանդր վարժարանի տնօրեն Մանուկ Դեմիրճյանի առաջարկությունը` ստեղծել «Հայկական դպրոց» անվամբ էլեկտրոնային տեղեկատու, ուր տեղ կգտնեն բոլոր կրթական ձեռնարկների, դասագրքերի, խտասալիկների, թանգարանների և գրադարանների հղումները և դրանց մասին ամփոփ տեղեկատվություն:

Հեռավար հանդիպման ավարտին գերատեսչության ղեկավարը ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնեց Ավստրալիայի հայ համայնքին, որի ջանքերով երկրի ամենախոշոր՝ Նոր Հարավային Ուելս նահանգի օրենսդիր մարմինն ընդունեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու բանաձևը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---