«Դեղերի մասին» նոր օրենքը վերահսկելի կդարձնի առանց դեղատոմսի վաճառվող դեղերը

«Դեղերի մասին» նոր օրենքը վերահսկելի կդարձնի առանց դեղատոմսի վաճառվող դեղերը

PanARMENIAN.Net - Այսօր աշխարհում լուրջ խնդիր է դեղերից առաջացող հակամանրէային կայունությունն իր անխուսափելի հետևանքներով: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) լուրջ ուշադրություն է դարձնում խնդրին և դրա լուծման գործում տեխնիկական աջակցություն ցուցաբերում անդամ երկրներին:

Հայաստանում հակամանրէային կայունության հիմնախնդիրներն ուսումնասիրելու նպատակով ԱՀԿ-ի առաքելությունն այս շաբաթ գտնվում է Երևանում: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում են ԱՆ լրատվական ծառայությունից:

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ առաքելության անդամները ներկայացրել են կատարած դիտարկումների նախնական արդյունքնեը և դրանցից բխող առաջարկները:

ԱՀԿ ներկայացուցիչները կարևորել են, որ հակամանրէային կայունության խնդրի լուծման համար Հայաստանում առկա է քաղաքական կամք և այդ խնդրի լուծումը դիտվում է որպես առողջության պահպանման կարևոր պայմաններից մեկը:

ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի ներկայացուցիչ Նիենկե վան դե Սանդեն նշել է, որ առաքելության ընթացքում արդյունավետ քննարկումներ են ունեցել մասնագետների հետ և համոզվել, որ նրանք քաջատեղյակ են խնդրին: Ընդգծվել է, որ թեև պատկան մարմիններում բավականին բարձր է իրազեկվածությունը, բնակչության լայն շրջաններում զգալի է տեղեկացվածության պակասը:

Առաքելության անդամները շեշտել են, որ այժմ Հայաստանում հակամանրէային դեղերն առանց դեղատոմսի լայնորեն վաճառվում են դեղատներում և հույս են հայտնել, որ «Դեղերի մասին» ՀՀ նոր օերնքով այն վերահսկելի կդառնա։ Խնդրի կարգավորման գործում կարևորվել է չափորոշիչների և ուղեցույցների մշակումը:

ԱՀԿ ներկայացուցիչները նշել են, որ լավ կառավարման և համակողմանի վերահսկողության շնորհիվ Հայաստանում արդյուանվետ գործում են համանման ծրագրեր` օրինակ «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագիրը»:

ԱՀԿ-ի առաքելությունը Հայաստանում հակամանրէային կայունության հիմնախնդրի լուծման 3 հիմնական առաջարկ է ներկայացրել` ստեղծել աշխատանքային խումբ` ընդգրկելով խնդրին առնչվող բոլոր շահագրգիռ կողմերին, նշանակել պատասխանատու անձ և մշակել միջոցառումների ազգային ծրագիր: Մեծածավալ այս խնդրի լուծման համար առաջարկվել է առանձնացնել գերակա հարցերը և հստակեցնել խնդիրները: Որպես խնդրի լուծման գերակա պահանջ առանձնացվել է լաբորատոր հետազոտությունների վրա հիմնված հսկողությունը, ինչը ենթադրում է լաբորատոր ցանցի հզորացում և դրա հսկողությունը ռեֆերենս լաբորատորիայի կողմից:

ԱՀԿ առաքելությունը կարևորել է նաև որակի ապահովման համապատասխանեցումը միջազգային չափորոշիչներին, ինչպես նաև վերահսկողությունը անասնաբուժության ոլորտում: Նրանք պատրաստակամություն են հայտնել աջակցել ազգային ծրագրի ստեղծման և լաբորատոր ցանցի հզորացման գործում:

ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Դերենիկ Դումանյանը ընդգծել է, որ այն շատ օգտակար կլինի ապագա ծրագրերի մշակման ընթացքում: Նա նշել է, որ «Դեղերի մասին» նոր օրենքի մշակումն ինքնին փաստում է, թե երկրում որքան մեծ կարևորություն է տրվում դեղորայքային քաղաքականությանը: Դերենիկ Դումանյանը հավաստիացրել է, որ կազմակերպչական հարցերը շատ արագ լուծում կգտնեն: Նախարարության կենտրոնական ապարատում վերջերս կազմավորված հանրային առողջության բաժինն ակտիվորեն կընդգրկվի այս աշխատանքներում:

«Ինձ համար շատ կարևոր է ռեֆերենս լաբորատորիայի ստեղծման գաղափարը և հույս ունեմ, որ ԱՀԿ և այլ կազմակերպությունների աջակցությամբ կկարողանանք այն իրականություն դարձնել: Գնահատելով ունեցած կարողություններն ու ներուժը, ինչպես նաև առաջիկայում ստանալով ԱՀԿ առաքելության ուսումնասիրության մանրամասն արդյունքները, կհսատկեցնենք առաջիկա մեր անելիքները», - ասել է Դերենիկ Դումանյանը:

ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Թաթուլ Հակոբյանը հավաստիացրել է, որ նախարարության հետ գործընկերային փոխհարաբերություններն այս ծրագրի շարունակականության ապահովման հիմք կհանդիսանան:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---