Գյուղնախարարությունը պարզաբանում է, թե ինչու շուկայում չկա հայկական պանիր

Գյուղնախարարությունը պարզաբանում է, թե ինչու շուկայում չկա հայկական պանիր

PanARMENIAN.Net - Վերջին օրերին զանգվածային լրատվամիջոցներով հայրենական արտադրության պանիրների ծավալների կրճատման անդրադարձների վերաբերյալ ՀՀ գյուղատնտեսության նախարությունը պարզաբանում է տարածել, որտեղ, մասնավորապես, ասվում է.

«Լավորակ պանիրը, ի տարբերություն այլ կաթնամթերքի, պատրաստվում է բացառապես անարատ կաթից, իսկ կաթի արտադրությունը մեր հանրապետությունում կրում է խիստ սեզոնային բնույթ: Այսպես, եթե դեկտեմբերից մարտ ամիսը ընկած ժամանակահատվածում ամսական արտադրվում է շուրջ 20 հազար տոննա կաթ, ապա մայիս-հուլիս ամիսներին կաթի արտադրության ամսական ծավալներն աճում են գրեթե 3,5 անգամ և հասնում ավելի քան 70 հազար տոննայի: Դրանով պայմանավորված, սեզոնային բնույթ են կրում նաև վերամշակող ձեռնարկությունների կողմից գնվող կաթի մթերման գները:

Որպես կանոն, կաթի մթերման գներն առավելագույնի են հասնում դեկտեմբեր-մարտ ամիսներին (1 կգ-ը 170-200 դրամ), երբ կաթի արտադրության ծավալները կտրուկ նվազում են: Իսկ ապրիլ-մայիս ամիսներին, երբ կաթի արտադրության ծավալները զգալիորեն ավելանում են, կաթի մթերման գները նվազում են` հասնելով 130-150 դրամի (1 կգ-ի հաշվով): Նման իրավիճակում վերամշակող ձեռնարկությունները թանկ գնով ձեռք բերված կաթի նվազագույն ծավալները գերադասում են տրամադրել այլ կաթնամթերքի (կաթ, մածուն, թթվասեր և այլն), իսկ ցածր գնով և մեծ ծավալներով մթերված կաթից պատրաստում են պանիր:

Ի դեպ, պանրի արտադրությունում մասնագիտացված ձեռնարկությունները ձմռան ամիսներին ընդհանրապես չեն գործում և գործունեություն են ծավալում ապրիլ-մայիս ամիսներից սկսած: Սրանով է պայմանավորված ներքին շուկայում հայրենական արտադրության պանրի ծավալների ժամանակավոր նվազումը:

Ինչ վերաբերում է անասնագլխաքանակին, ապա այն ոչ թե պակասել, այլ կտրուկ ավելացել է: Ընթացիկ տարվա հունվարի 1-ի դրությամբ միայն կովերի գլխաքանակը նախորդ տարվա համեմատությամբ ավելացել է 20 հազարով, ինչը նշանակում է, որ այս տարի, նախորդ տարվա համեմատությամբ կաթի արտադրությունը կավելանա շուրջ 40 հազար տոննայով:

Ներկայումս վերամշակող ձեռնարկությունները օրեցօր ավելացնում են պանրի արտադրության ծավալները և պանրի հասունացումից հետո այն կտրամադրվի սպառողին: Ակնկալվում է, որ կաթի արտադրության ծավալների ավելացմանը զուգահեռ, պանրի արտադրությունը նախորդ տարվա համեմատությամբ կավելանա 1,5-2%-ով, ինչն իր հերթին կբերի պանրի գների նվազում` 7-10%-ի սահմաններում»:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---