Ավիատոմսերի բարձր գների պատճառով կրճատվել է զբոսաշրջիկների հոսքը Հայաստան, այդ թվում Իրանից

Ավիատոմսերի բարձր գների պատճառով կրճատվել է զբոսաշրջիկների հոսքը Հայաստան, այդ թվում Իրանից

PanARMENIAN.Net - Չնայած պաշտոնական տվյալներին դեպի Հայաստան զբոսաշրջիկների աճող հոսքի մասին, ոլորտի ներկայացուցիչները զբոսաշրջային ամենաբարենպաստ սեզոնում հայտարարում են այն մասին, որ զբոսաշրջիկների հոսքը մեր երկիր կրճատվում է: Եթե նախկինում զբոսաշրջային խումբը կազմված էր 12-13 մարդուց, ապա այժմ չի գերազանցում 2-3 հոգին:

«Ամիստադ Տուր» տուրիստական ընկերության հիմնադիր տնօրեն, Ներգնա տուրօպերատորների ասոցիացիայի նախագահության անդամ Արմինե Ադամյանը ներկայացրեց Պրահա-Երևան (հետադարձ տոմսով) և Պրահա-Թբիլիսի նույն օրվա և նույն կարգի համեմատական գները, որ այս շաբաթ ներկայացրել է «Չեխական ավիաուղիները»:

Պարզվեց, որ Պրահա-Երևանի արժեքը 590 եվրո է, իսկ Պրահա-Թբիլիսին 330 եվրո: 260 եվրոյի տարբերությունը ստիպում է զբոսաշրջիկին ընտրություն կատարել հօգուտ Վրաստանի: Ադամյանը վստահ է, որ Հայաստանին անպայման պետք է Ազգային ավիափոխադրող, քանի որ «Արմավիայի» սնանկությունից և մի քանի ավիափոխադրողների (LOT, bmi) հեռանալուց հետո ավիատոմսերի գներն աճել են: «Այժմ հարկավոր է վերլուծել ավիափոխադրումների ոլորտը հասկանալու համար ստեղծված իրավիճակը, ոչ թե մեղավորներին փնտրել»,-ասել է նա:

Զբոսշրջային հոսքերի կրճատման մասին է վկայում նաև թափուր տեղերի առկայությունը հյուրանոցներում: «Անի Պլազա» հյուրանոցի գլխավոր տնօրեն Մկրտիչ Գրիգորյանը հայտնել է, որ այս տարի գործնականում բացակայում են պարսիկները, որոնք, որպես կանոն, Հայաստան էին գալիս իրենց Նոր տարին (Նովրուզը) նշելու համար: Գրիգորյանը տեսնում է դրա նաև օբյեկտիվ պատճառները՝ անկայուն իրավիճակն Իրանում, «ֆիզիկական» դոլարի պակասը: Սակայն, հայտնվելով Վրաստան, ԱՄԷ, Թուրքիա թե Հայաստան այլընտրանքի առջև, Իրանի քաղաքացին ընտրությունը կատարում է ի վնաս Հայաստանի ավիատոմսերի բարձր գների պատճառով:

Նա հայտնել է, որ հյուրանոցների համարների արժեքն այսօր 100-150 դոլար է, ինչը միանգամայն ընդունելի է օտարերկրացի զբոսաշրջիկի համար, սակայն թանկ է տեղաբնակի համար: Ինչ վերաբերում է ծառայությունների մակարդակին, ապա Հայաստանում այն բարձր մակարդակի վրա է և զբոսաշրջության ոլորտի աշխատակիցներն ուղղակի «փայփայում են» յուրաքանչյուր օտարերկրացու: Սակայն Հայաստանը պետք է գտնի իր համեմատական առավելությունը զբոսաշրջիկների ներհոսք ապահովելու համար: «Զբոսաշրջիկը պետք է հստակ հասկանա, թե ինչու է նա Հայաստան մեկնում, հարկվոր են ոլորտի զարգացման կոնկրետ մեխանիզմներ»,-ասել է նա:

Հյուրանոցային համարների մատչելի լինելու վերաբերյալ թեզին համաձայն չէր «Եվրազիա ինթերնեյշնլ թրավել» տուրիստական գործակալության գործադիր տնօրեն Գագիկ Մկրտչյանը՝ նշելով, որ դրանք ավելի թանկ են, քան Վրաստանում: Նա նշել է, որ իր գործակալությունը վերջերս մասնակցել է Մոսկվայում կայացած ցուցահանդեսին, որտեղ մեծ էր հետաքրքրությունը Հայաստանի տաղավարի հանդեպ, սակայն ավիատոմսերի գների մասին տեղեկությունները բացասական տպավորություն էին թողնում: «Ավիատոմսի գինը հաճախ հավասար է լինում Հայաստանում երեք օր անցկացնելու ծախսին: Դա անընդունելի է»,-ասել է նա:

Այնուամենայնիվ, զբոսաշրջային ներհոսքի աշխարհագրությունը վերջին տարիներին ընդլայնվել է: Արմինե Ադամյանն ասաց, որ մեր երկրով հետաքրքրվում են հիմնականում տարեց զբոսաշրջիկները Արևմտյան Եվրոպայից, Լատինական Ամերիկայից, մասնավորապես, Արգենտինայից, Ուրուգվայից, ինչպես նաև Էկվադորից, Պուերտո-Ռիկոյից: Ակտիվացել է Իսպանիայի շուկան, որի քաղաքացիները նաև շատ հաճախ ցանկություն են հայտնում այցելելու նաև Արցախ: Ըստ նրա, անցյալ տարի Հայաստանը շահեկան դիրքում հայտնվեց, քանի որ պլանավորված ուղևորությունները Սիրիա անկայուն իրավիճակի պատճառով փոխարինվեցին Հայաստան այցելությամբ:

 Ուշագրավ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
---