ՀՀ ՊՆ ղեկավար. «Եթե հանրաքվեն դրական ելք ունենա, կապրենք նորովի, եթե ոչ` կապրենք այնպես, ինչպես ապրում էինք»

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահին կից Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, երկրի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը քվեարկել է հանրապետությունում ընթացող սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ հանրաքվեում: «Ակնկալում եմ, որ մեր ժողովուրդը, մեր հասարակությունը իրենց կարծիքը կհայտնի հանրաքվեի ընթացքում: Իսկ ինչ եմ ես կոնկրետ ակնկալում, կասեմ վաղը կամ մյուս օրը, այժմ աննպատակահարմար է զբաղվել քարոզչությամբ»,-հայտարարել է պաշտպանության նախարարը: Պատասխանելով լրագրողների հարցին հանրաքվեին նախորդող քարոզչության շրջանում իր պասիվության մասին հարցին, Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ չի կարծում, թե պասիվ է եղել: «Իմ կարծիքը ես վաղուց եմ հայտնել: Ուղղակի, ես անհրաժեշտ չհամարեցի ակտիվորեն մասնակցել քարոզչությանը, քանի որ մեր հասարակության շատ ներկայացուցիչներ բավական լավ էին կատարում այդ գործը: Ես զբաղված էի այլ կարեւոր գործերով»,-նշել է նա: Միեւնույն ժամանակ, Ս.Սարգսյանը գտնում է, որ սահմանադրական հանրաքվեի բացասական ելքի դեպքում Հայաստանի հանդեպ պատժամիջոցներ չեն կիրառվի: «Չեմ կարծում, որ դա կանդրադառնա Հայաստանի վրա եւ ետ կմղի նրա զարգացումը մի քանի տարով: Եթե հանրաքվեն դրական ելք ունենա, կապրենք նորովի, եթե ոչ` կապրենք այնպես, ինչպես ապրում էինք»,-հայտարարել է նա:



Մեկնաբանելով Հայաստանի նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած «Ժառանգություն» կուսակցության նախաձեռնած «քաղաքացիական անհնազանդության» ակցիան` Ս.Սարգսյանը հայտարարել է.«Եթե իմ հրավիրած հանրահավաքին գոնե 1000 հոգի չգար, ապա հաջորդ անգամ ես կամաչեի նայել մարդկանց աչքերին: Ես կոնկրետ ոչ ոքի ի նկատի չունեմ եւ չեմ ասում, թե այդ դեպքում ինքնասպան կլինեի, սակայն մարդիկ պետք է ավելի մտածված քայլերի եւ գործողությունների դիմեն»: Պատասխանելով հանրաքվեի կողմնակիցների եւ ընդդիմադիրների հնարավոր առճակատման մասին հարցին, պաշտպանության նախարարության ղեկավրը հայտարարել է.«Ի՞նչ առճակատման մասին կարող է խոսք լինել, եթե նրանք չկարողացան նույնիսկ 1000 հոգի հավաքել»,-ասել է Ս.Սարգսյանը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---