Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Եվրախորհրդարանի Հայաստանի հետ բարեկամության խմբի անդամներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Եվրախորհրդարանի Հայաստանի հետ բարեկամության խմբի անդամներին

PanARMENIAN.Net - Ապրիլի 25-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Եվրոպական խորհրդարանի Հայաստանի հետ բարեկամության խմբի Հայաստան ժամանած պատվիրակության անդամներին` ուղեկցությամբ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի և Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ավետ Ադոնցի:

Կարևորելով Եվրոպական խորհրդարանի Հայաստանի հետ բարեկամության խմբի ձևավորումը` Վեհափառ Հայրապետը բարձր գնահատեց այն ջանքերը, որ խմբի անդամները ներդնում են հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության և Հայաստանի` Եվրամիությանն անդամագրվելու գործընթացի ուղղությամբ:

Ի դեմս խմբի անդամների Նորին Սրբությունը շնորհակալություն հայտնեց բոլոր այն կազմակերպություններին, պետություններին և անհատ անձանց, ովքեր կարևոր ներդրում են բերում Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման գործում: Իր խոսքում Վեհափառ Հայրապետը ընդգծեց, որ Հայոց ցեղասպանության համաշխարհային ճանաչումը կնպաստի նաև մարդկության կյանքում տեղ գտնող նման երևույթների կանխմանը:

Հանդիպման ավարտին Նորին Սրբությունը հաջողություն մաղթեց Եվրոպական խորհրդարանի Հայաստանի հետ բարեկամության խմբի առաքելությանը` նշելով, որ թեև այն ուղղված է Եվրամիության և Հայաստանի հարաբերությունների սերտացմանը, հայ ժողովրդի իրավունքների պաշտպանությանը, սակայն դուրս է գալիս այդ սահմաններից և համամարդկային բնույթ ստանում` ի նպաստ արդար ու խաղաղ աշխարհի կառուցման:

 Ուշագրավ
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
---