«Արմենալը» Հայաստանի եւ Ռուսաստանի ներդրումային համագործակցության լավ օրինակ է

PanARMENIAN.Net - «Ռուսաստանը քաղաքակիրթ հարաբերություններ է կառուցում բոլոր երկրների հետ, այդ թվում նաեւ էներգետիկայի ոլորտում»,-հայտարարել է Ռուսաստանի կառավարության նախագահ Միխաիլ Ֆրադկովը այսօր Երեւանում Հայաստանի վարչապետ Ա.Մարգարյանի հետ համատեղ մամլո ասուլիսում` մեկնաբանելով Ռուսաստանի կողմից գազի սակագների ավելացման հարցը հայ-ռուսական ռազմավարական համագործակցության համատեքստում: Մ.Ֆրադկովը կարծիք է հայտնել, որ այստեղ հարկ չկա հակադրելու գազի սակագների բարձրացումը եւ հարաբերությունները Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ: Նրա խոսքերով, հարաբերությունները առաջիկայում եւս կզարգանան, ինչը չի բացառում առանձին տնտեսական հարցերի համաձայնեցում, ներառյալ գազի սակագների բարձրացումը: Անդրադառնալով «Գույք պարտիք դիմաց» հայ-ռուսական պայմանավորվածությանը, նա նշել է, որ կան տեխնիկական բնույթի դժվարություններ, հանձնարարականներ են տրվել այդ հարցի վերաբերյալ, որոնք այդ դժվարությունների պատճառով մինչ այժմ չեն իրագործվել, եւ այդ հարցերը քննարկվել են Ա.Մարգարյանի հետ այսօրվա հանդիպման ժամանակ: «Կարեւորը այդ ձեռնարկությունների գործարկումը ապահովելն է: Կարծում եմ, որ մենք ի վիճակի ենք գտնելու այդ հարցերի լուծումները»,-հայտարարել է Մ.Ֆրադկովը: Պատասխանելով այն հարցին, թե ինչ կձեռնարկվի Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ լիարժեք ուղղակի տրանսպորտային հաղորդակցություն հաստատելու համար, Մ.Ֆրադկովը հայտարարել է.«Մենք իրոք հաշիվ ենք տալիս մեզ եւ հասկանում ենք, թե որքան է կարեւոր այդ թեման Հայաստանի համար, եւ աշխատում ենք այդ հարցի լուծման ուղղությամբ»: Նա հաղորդել է, որ գործնական աշխատանք է տարվում, եւ արդեն օգոստոսին աբխազ մասնագետները սկսել են երկաթուղու աբխազական հատվածի հետազոտումը: Նրա կարծիքով, պետք է արագացնել եռակողմ աշխատանքը եւ այդ դեպքում որոշակի արդյունքներ կլինեն: Պատասխանելով այն հարցին, թե ինչ ազդեցություն կունենա «Արմենալ» համատեղ ձեռնարկության գործարկումը Հայաստանի եւ Ռուսաստանի տնտեսական հարաբերությունների վրա` Մ.Ֆրադկովը նշել է, որ այդ նախագիծը բավականին խոշոր է , քանի որ ռուսական ընկերոթյունները շուրջ 70 մլն դոլար են ներդրել: «Դա կնպաստի տնտեսական համագործակցության աճին եւ հեռանկարներ կբացի այդ ձեռնարկությունից արտահանում կազմակերպելու համար: Նման որակյալ փայլաթիթեղը հնարավորություն կտա վերահսկել համաշխարհային շուկայի էական մասը»,-հայտարարել է Մ.Ֆրադկովը: Նրա խոսքերով, այդ խոշոր ձեռնարկությունը Հայաստանի եւ Ռուսաստանի ներդրումային համագործակցության լավ օրինակ է:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---