ՄԻՊ.Ուջանի բնակիչները բողոքի ակցիա են կազմակերպել. ՀԷԿ-երը կառուցվում են առանց բնակիչների կարծիքը հարցնելու

ՄԻՊ.Ուջանի բնակիչները բողոքի ակցիա են կազմակերպել. ՀԷԿ-երը կառուցվում են առանց բնակիչների կարծիքը հարցնելու

PanARMENIAN.Net - ՄԻՊ աշխատակազմն այսօր տեղեկացել է, որ Արագածոտնի մարզի Ուջան գյուղի ավելի քան 1000 գյուղացիներ ճանապարհը փակել են և այդ կերպ իրենց բողոքն են արտահայտում գյուղի տարածքում մի շարք ՀԷԿ-երի կառուցման վերաբերյալ, ինչի արդյունքում գյուղացիները զրկվել են խմելու և ոռոգման ջրից: Մարդու իրավուքների պաշտպանի՝ բնապահպանության հարցերով խորհրդական Աննա Սաֆարյանը արձագանքել է կատարվածին:

«Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը բազմիցս դիմում բողոքներ է ստանում շրջակա միջավայրի վերաբերյալ որոշումների գործընթացում հասարակությանը մասնակից չդարձնելու, հասարակությանն իր կարծիքը արտահայտելու հնարավորություն չտալու և այն հաշվի չառնելու վերաբերյալ: Հիշյալ գործընթացներում ձեռնարկվում են հանրային քննարկումներ, լսումներ կազմակերպելուն ուղղված միջոցներ, որոնք սակայն հաճախ ձևական բնույթ են կրում, իսկ նման կերպ կայացված որոշումները դառնում են անձի առողջ շրջակա միջավայրում ապրելու սահմանադրական իրավունքի խախտման պատճառ: Այս խնդրին Մարդու իրավունքների պաշտպանը անդրադարձել է նաև 2012թ. տարեկան զեկույցում, այն ձևակերպելով որպես ոլորտի պետական իրավասու մարմինների կողմից իրենց իրավասությունների ոչ պատշաճ կատարում:

Գյուղացիների բողոքի նման կերպ արտահայտումը վկայում է այն մասին, որ դրանց պատճառ հանդիսացող ՀԷԿ-երի կառուցման վերաբերյալ որոշումների կայացման ժամանակ լիարժեք հաշվի չի առնվել հասարակության կարծիքը և արդյունքում գյուղացին զրկվել է ջրից, ապրուստի միջոցից:

Հուսով ենք պետական իրավասու մարմինները արագ կերպով կարձագանքեն գյուղացիների բողոքին և ի վերջո լուրջ քայլեր կձեռնարկվեն այս ոլորտում առկա բազմաթիվ օրենսդրական բացերի և իրավակիրառ պրակտիկայի թերությունների վերացման համար»,-ասված է Մարդու իրավուքների պաշտպանի՝ բնապահպանության հարցերով խորհրդականի տարածած հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---