Ա. Մանուկյանը` ԿԳ նախարարի գրառման մասին. Ես լկտիներին չեմ պատասխանում

Ա. Մանուկյանը` ԿԳ նախարարի գրառման մասին. Ես լկտիներին չեմ պատասխանում

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն այսօր ասուլիսի ժամանակ արձագանքել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի Facebook-յան գրառմանը, ասելով` «ես լկտիներին չեմ պատասխանում»:

Արմեն Աշոտյանը Լևոն Տեր-Պետրոսյանին համեմատել էր Ալլա Պուգաչովայի հետ և գրել. «Ինչո՞ւ եք Հայաստանի քաղաքական դաշտի Պուգաչովա դարձած (հա խոստանում է էլ չերգի, բայց հա երգում է) Լևոն Տեր-Պետրոսյանին այդ պատկառելի տարիքում տանից հանում-բերում, որ ինքն էլ իր «քաղաքագիտական վերլուծությունն» անի՝ անթերի կատարելով իր հին «հիթերը»` «Арлекино»-ն (վերջ ռեժիմին), «Миллион алых роз»-ը (կեղծված ընտրություններ), «Две звезды»-ն (ՀԱԿ+ԲՀԿ), «Три счастливых дня»-ն (իր ղեկավարած տարիների գովքը) և « В Петербурге сегодня дожди»-ն (միջազգային հանրությունը սատարում է Սերժ Սարգսյանին):

Հայաստանը Գիքորի նման դուրս է մնացել տարածաշրջանային բոլոր՝ գազային, նավթային, ճանապարհային ու երկաթուղային ծրագրերից: Սա էլ Ա. Մանուկյանի եզրակացությունն է օրերս Թուրքիայում կազմակերպված Հարավային Կովկասի խնդիրներին վերաբերվող կոնֆերանսին մասնակցելուց հետո։

«Նավթային, գազային, ճանապարհային, երկաթուղու գծերը շրջանցում են Հայաստանը: Սա մեր իշխանությունների անխելք քաղաքականության արդյունքն է՝ անհեռանկար, անհաշվարկ, անպատասխանատու, որն ընդ որում, վաղն ուղղելու չէ։ Այս փնթի իշխանությունները ոչ միայն մեր այսօրն են վաճառել, այլև վաղվա օրը»,- ասել է նա ու նկատել` իսկ Հայաստանը դեռ օդային հաղորդակցության խնդիրը չի կարողանում լուծել` մի երկիր գնալու համար ստիպված ենք մի քանի անգամ շատ կմ անցնել:

«ՀԱԿ» խմբակցության քարտուղարը նշել է, որ կոնֆերանսի ժամանակ հիասթափություն է նկատել Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններից, բայց արդարության համար` ավելի վատթար վիճակում է Ադրբեջանը։ «Մեզանից վատթար լինելը մխիթարանք չէ։ Եվրոպական կառույցները հույսները կտրել են և՛ Հայաստանից, և՛ Ադրբեջանից՝ թե՛ դեմոկրատիայի, թե՛ Արցախի հարցերում։ Սա շատ վատ է, և դրան գումարվում է մեր իշխանությունների ոչ լեգիտիմությունը, որն ուղիղ համեմատական է, նման վիճակին»,- ասել է նա: Անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններին, Ա. Մանուկյանը նշել է, որ մայրաքաղաքի բնակիչները կշահեն, եթե քաղաքապետ դառնա ՀԱԿ կուսակցության թեկնածու Վահագն Խաչատրյանը. «Նա պրոֆեսիոնալ, ընկերական, բարոյական, հավասարակշռված մարդ է, ծանր շրջանում եղել է Երևանի քաղաքապետ և մեծ փորձ ունի»: Ա. Մանուկյանը նաև համոզված է, որ այս ընտրություններին մասնակցող 4 քաղաքական ուժերը միասնական ջանքերով կարող են իշխանությունը վերցնել ՀՀԿ-ից:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---