7 դեկտեմբերի 2005 - 18:36 AMT
Էստոնիայի ազգաբնակչության նախարարը հերքել է ադրբեջանցի քաղաքական գործչի խոսքերը
Էստոնիայի ազգաբնակչության նախարար Պաուլ-Էէրիկ Ռումմոն հայտարարություն չի արել «Ադրբեջանի գրավյալ տարածքներից փախստականների եւ այդ երկրի տարածքային ամբողջականության մասին»: Նշենք, որ ավելի վաղ Ադրբեջանի Ժողովրդավարական բարեփոխումների կուսակցության (ԺԲԿ) նախագահ Ասիմ Մոլազադեն հայտարարել էր «Ռեգնում» գործակալության թղթակցին, որ հանդիպել է Տալլինում Պաուլ-Էէրիկ Ռումմոյի հետ, որը մասնակցում էր «Ընդլայնված Եվրոպայի խնդիրները. Բելառուսի ապագան» կոնֆերանսին: Հանդիպմանը քննարկվել է իրավիճակն Ադրբեջանում, Ադրբեջանի եւ Էստոնիայի միջեւ հարաբերությունները, ղարաբաղյան խնդիրը: Մոլազադեն պնդում է, որ էստոնացի նախարարը իր հետ հանդիպմանը արտահայտվել է «Ադրբեջանի գրավյալ տարածքներից փախստականների եւ այդ երկրի տարածքային ամբողջականության մասին»: Էստոնիայի Ժողովրդավարական բարեփոխումների կուսակցությունից նախարար Պաուլ-Էէրիկ Ռումմոն «նշել է ադրբեջանցի փախստականների անտանելի կենցաղային պայմանները եւ կարեւորել է Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումը»: «Նա կոչ է արել միջազգային կառույցներին անել ամեն անհրաժեշտը գրավյալ ադրբեջանական տարածքները ազատագրելու եւ փախստականներին իրենց տները վերադարձնելու համար»,-հայտարարել է Մոլազադեն:

Ինչպես PanARMENINAN.Net-ին են հաղորդել Էստոնիայի ռադիո-4-ի հայկական «Ծիծեռնակ» հաղորդումից, Էստոնիայի ազգաբնակչության գործերով նախարարի խորհրդական Օլգա Բուրմակինան հայտարարել է, որ նախարար Պաուլ-Էէրիկ Ռումմոն չի մասնակցել եւ ելույթ չի ունեցել «Ընդլայնված Եվրոպայի խնդիրները. Բելառուսի ապագան» կոնֆերանսում, եւ չի արել նման հայտարարություններ: Նախարար Ռումմոն ափսոսանք է հայտնում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության առնչությամբ: Էստոնիան միշտ կողմնակից է եղել հակամարտության խաղաղ կարգավորմանը` ելնելով միջազգային իրավունքի սկզբունքներից ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: