Անրի Ռենո. Հայաստանում ֆրանկոֆոնիայի ծրագրի շուրջ հետաքրքրությունն այս տարի աննախադեպ էր

Անրի Ռենո. Հայաստանում ֆրանկոֆոնիայի ծրագրի շուրջ հետաքրքրությունն այս տարի աննախադեպ էր

PanARMENIAN.Net - Այն, ինչ վերաբերում է Ֆրանսիային և ֆրանսիական մշակույթին, ավելի շատ հետաքրքրում է կանանց, քան տղամարդկանց: Կարծիքը ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյինն է: Նա այսօր ասուլիսի ժամանակ նշել է նաև, որ Հայաստանում Ֆրանկոֆոնիայի ծրագիրն այս տարի անցկացվել է առանձնահատուկ շուքով` միջոցառումները կենտրոնացված չեն եղել միայն Երևանում, այլ բազմաթիվ միջոցառումներ անցկացվել են նաև մարզերում:

«Հայաստանում ֆրանկոֆոնիայի ծրագրի շուրջ հետաքրքրությունն այս տարի աննախադեպ էր: Ուրախալի է, որ միջոցառումներին ակտիվ մասնակցել են նաև հայ դպրոցականները և երիտասարդները: Նրանք այս տոնի շուրջ համախմբվեցին և մեծ հետաքրքրություն դրսևորեցին ֆրանկոֆոն արժեքների նկատմամբ»,- նշեց դեսպանը:

Ֆրանկոֆոնիայի ծրագրի ընթացքում անցկացվել է մոտ 400 մշակութային, կրթական և բուհական միջոցառում, ինչը նշանակալի ցուցանիշ է նախորդ տարվա համեմատ: Տեղեկությունը և համեմատությունը ներկայացրել է ՀՀ ԱԳ նախարարի` Ֆանկոֆոնիայի գծով խորհրդական, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը: «Մեկ և կես ամիս շարունակ հանրության լայն շրջանակներին ներկայացված մշակութային, կրթական, բուհական մեծաթիվ միջոցառումները միտված են եղել մեր երկրում ֆրանկոֆոն մշակույթի տարածմանը: Հաջորդ տարի միջոցառումները որակական մակարդակով կլինեն ակնկալվող բարձրության վրա»,- ասաց նա:

Հայաստանին Ֆրանկոֆոնիայի լիիրավ անդամի կարգավիճակ շնորհելու մասին միաձայն որոշումն ընդունվել էր նախորդ տարվա հոկտեմբերին Ֆրանկոֆոնիայի երկրների և կառավարությունների ղեկավարների` Կինշասայում կայացած գագաթաժողովի ընթացքում: Հայաստանի ներգրավվածությունը Ֆրանկոֆոն ընտանիքում աշխարհի 5 մայրցամաքում ֆրանկոֆոն երկրների հետ տարբեր ոլորտներում գործակցության ակտիվացման ուղղութայմբ նոր հնարավորություն է:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---