Միքայել Արամյանցի ծոռը պարգևատրվել է սփյուռքի նախարարության «Պողոս Նուբար» մեդալով![]() 3 մայիսի 2013 - 18:12 AMT PanARMENIAN.Net - Մեկնարկել են հայազգի մեծանուն բարերար Միքայել Արամյանցի 170-ամյակին նվիրված հանդիսությունները, որոնց շրջանակներում ՀՀ սփյուռքի նախարարությունը, ԼՂՀ մշակույթի նախարարությունը, Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը, «Փյունիկ» հիմնադրամը և «Լոռվա ձոր» հայրենակցական միությունը կազմակերպում են միջոցառումներ Հայաստանում, Արցախում և Վիրահայ մի շարք համայնքներում, հայտնում է սփյուռքի նախարարության մամլո ծառայությունը: Մայիսի 3-ին հոբելյանական միջոցառման մասնակիցները, ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանի գլխավորությամբ, այցելեցին Բարերարների ճեմուղի և ծաղիկներ դրեցին Միքայել Արամյանցի կիսանդրու առջև: Հանդիսություններին մասնակցում է Միքայել Արամյանցի ծոռը` Ալեքսանդր Ջանոեֆֆը` իր տիկնոջ Աննայի հետ, որ Հայաստան են ժամանել Լոնդոնից: Այնուհետև ՀՀ սփյուռքի նախարարությունում բացվեց մեծանուն բարերարի կյանքի և գործունեության մասին պատմող լուսանկարների ցուցահանդեսը: Ողջունելով հոբելյանական միջոցառման մասնակիցներին` ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը կարևորեց Միքայել Արամյանցի անսահման նվիրումը Հայրենիքին, իր ժողովրդին և մեծածավալ բարեգործությունները, որ կատարել է մեր հայրենակիցն ամբողջ կյանքում: «Արդեն 3-րդ դարն է, որ հայ ժողովուրդը խոնարհումով է խոսում մեծ բարերարի մասին: Մենք հպարտ ենք, որ հնարավորություն ունենք մեծարելու նրան և այսպես շուքով նշելու մեծ բարերարի ծննդյան 170-ամյակը», - նշեց գերատեսչության ղեկավարը: Հ.Հակոբյանն ընդգծեց, որ սրանից գրեթե 3 դար առաջ, երբ զարգացած չէին տեղեկատվական տեխնոլոգիաները և կրթությունը ցածր մակարդակի վրա էր, Միքայել Արամյանցը գիտակցել է ազգի զավակների կրթություն ստանալու և գիտելիքներով զինված սերունդների շնորհիվ Հայրենիքը շենացնելու կարևորությունը: Նա հարյուրավոր երիտասարդների է հովանավորել Եվրոպական առաջատար համալսարաններում ուսանելու համար: «Բավական է հիշատակել Արամյանցի կողմից կառուցված հին Թիֆլիսի բնակիչների մեջ մեծ համբավ ունեցող «Արամյանցի հիվանդանոցը», որը թեև այսօր կոչվում է թիվ 1 կլինիկական հիվանդանոց, սակայն թբիլիսցիները մինչ այժմ սիրով անվանում են «Արամյանցի հիվանդանոց», - հավելեց տիկին Հակոբյանը` առանձնացնելով նաև Միքայել Արամյանցի ջանքերը` հայկական եկեղեցիների պահպանման ուղղությամբ: Տիկին Հակոբյանը ներկայացրեց ՀՀ սփյուռքի նախարարության ֆինանսավորմամբ հրատարակված «Միքայել Արամյանց. կյանքի և գործունեության դրվագներ» գիրքը և խոսքը փոխանցեց գրքի հեղինակ Վահե Անթանեսյանին: Շնորհակալություն հայտնելով ՀՀ սփյուռքի նախարարությանը և' գրքի հրատարակության, և' կազմակերպչական բազմաթիվ հարցերում արդյունավետ օգնություն ցույց տալու համար` Վահե Անթանեսյանը նշեց, որ հայ մեծանուն բարերարներին նվիրված ուսումնասիրությունները շարունակական են լինելու և շուտով լույս կընծայվի «Վերադարձ դեպի արմատներ» խորագրով աշխատությունը: «Լոռվա Ձոր» հայրենակցական միության նախագահ, ՀՀ լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը ներկայացրեց Միքայել Արամյանցի ծոռ, Լոնդոնում բնակվող Ալեքսանդր Ջանոեֆֆին փնտրելու և գտնելու, ինչպես նաև` Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության աջակցությամբ պատրաստված «Միքայել Արամյանց. մեծ սիրտ ունեցող հայը» տեսաֆիլմի ստեղծման պատմությունը: Շնորհակալական խոսքով հանդես եկավ Միքայել Արամյանցի ծոռը` Ալեքսանդր Ջանոեֆֆը: «Որպես հայազգի մեծ բարերարի ժառանգ և շառավիղ` համոզմունքս եմ հայտնում այն մասին, որ իմ պապը հպարտ ու երջանիկ պիտի լիներ, եթե ներկա լիներ մեծարման այս երեկոյին: Դուստրս ուսանող է Օքսֆորդում և, ցավում եմ, որ դասերի պատճառով չկարողացավ մեզ հետ այցելել Հայաստան», - նշեց պարոն Ջանոեֆֆը: ՀՀ սփյուռքի նախարարը մեծ բարերար Միքայել Արամյանցի ծոռ Ալեքսանդր Ջանոեֆֆին պարգևատրեց ՀՀ սփյուռքի նախարարության «Պողոս Նուբար» մեդալով և կոչ արեց շարունակել մեծ պապի ուղին, որից հետո հոբելյանական հանդիսության մասնակիցները դիտեցին «Միքայել Արամյանց. մեծ սիրտ ունեցող հայը» տեսաֆիլմը: Միքայել Արամյանցի 170-ամյակին նվիրված հանդիսություններ են կազմակերպվել նաև Արցախում: Ստեփանակերտի մշակույթի պալատի նախասրահում բացվել է մեծանուն բարերարի կյանքի և գործունեության մասին պատմող լուսանկարների ցուցահանդես: Կայացել է «Միքայել Արամյանց. մեծ սիրտ ունեցող հայը» տեսաֆիլմի ցուցադրությունը: Մասնակիցներն այցելել են Շուշի, եղել են բարերարի ծննդավայրում` Արցախի Քյաթուկ գյուղում, նաև` այն տանը, որը ժամանակին ռեալական ուսումնարանին է նվիրել Միքայել Արամյանցը: Միքայել Արամյանցի ծննդյան օրը կնշվի Թբիլիսիում: Մայիսի 4-ին Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում Վիրահայ թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ կկատարվի հոգեհանգստի արարողություն, որից հետո միջոցառումներ տեղի կունենան «Հայարտուն» մշակութային կենտրոնում: ![]() ![]() Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |