Հայկական Սբ. Պողոս-Պետրոս եկեղեցին «7 առավել վտանգված» կոթողների նախնական ցանկում է

Հայկական Սբ. Պողոս-Պետրոս եկեղեցին «7 առավել վտանգված» կոթողների նախնական ցանկում է

PanARMENIAN.Net - Եվրոպական ժառանգության պահպանության ոլորտում առաջատար «Եվրոպա Նոստրա» կազմակերպությունը Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա` ապրիլի 18-ի նախօրեին հայտարարել է այն 14 հուշարձանների անունները, որոնք ընդգրկվել են «7 առավել վտանգված» մշակութային ու պատմական կոթողների նախնական ցանկում: Մասնակից 21 երկրներից ու ներկայացված 40 հայտերից ցանկում է նաև հայկական մշակութային ժառանգությունը ներկայացնող Արագածոտնի մարզի Սբ. Պողոս-Պետրոս եկեղեցին: Եկեղեցու հայտը մշակվել և ներկայացվել է Հայաստանի մշակույթի նախարարության կողմից: Այս մասին տեղեկանում ենք մշակույթի նախարարության պաշտոնական կայքից:

Կազմակերպության պաշտոնական կայքում նշված է, որ վերջնական 7 կոթողների անունները կհայտարարվեն հունիսի 16-ին Աթենքում` «Եվրոպա Նոստրայի» 50-րդ տարեդարձին նվիրված համաժողովի ընթացքում:

«7 առավել վտանգված» ծրագիրը մեկնարկել է 2012 թ. հունվարին` ոգեշնչված «ԱՄՆ-ի պատմական միջավայրի պահպանության ազգային վստահություն» ծրագրի հաջող իրականացմամբ: Դրա հիմնական նպատակներից էր մասնավոր և պետական մի շարք կազմակերպություններին միավորել միևնույն գաղափարի շուրջ և այդպիսով բացահայտել ժառանգության պահպանության հնարավոր ֆինանսական աղբյուրների տարբերակներ:

Վերջնական յոթնյակի ընտրությունից հետո` ամռան վերջին, «Եվրոպա Նոստրայի» ժառանգության փորձագետներից, կազմակերպության անդամներից, ինչպես նաև ֆինանսական ու տեխնիկական մասնագետներից բաղկացած թիմն այցեր կկատարի բոլոր 7 վայրերով, որտեղ տեղի մասնագետների հետ միասին կանցկացվեն ուսումնասիրություններ և կմշակվեն տարբերակներ կոթողները փրկելու ուղղությամբ: Փրկարարական առաքելության նախնական արդյունքները կհրապարակվեն տարեվերջին` դեկտեմբերի 5-ին, Բրյուսելում «Եվրոպա Նոստրայի» կողմից կազմակերպվող «Եվրոպական ժառանգության քաղաքականությունը» խորագրով կոնֆերանսի շրջանակներում:

«Եվրոպա Նոստրան» իրենից ներկայացնում է արագությամբ աճող քաղաքացիների շարժում` ուղղված եվրոպական ժառանգության պահպանությանը: Բաղկացած լինելով 250 անդամ և 150 անդամակցող կազմակերպություններից, 1500 անդամներից /անհատ/` կազմակերպությունն ուղղակիորեն նպատակ ունի իրականացնել եվրոպական ժառանգության հանրահռչակման քաղաքականություն ամբողջ Եվրոպայում, Եվրամիության հետ համատեղ իրականացնել եվրոպական ժառանգության մրցանակաբաշխություններ և քարոզչական աշխատանքներ տանել Եվրոպայի վտանգված պատմական հուշարձանների ու վայրերի և մշակութային լանդշաֆտների փրկության նպատակով: Հայաստանն «Եվրոպա Նոստրային» անդամակցել է 2012 թվականից:

«7 առավել վտանգված» ծրագրի նախնական ցուցակում ընդգրկված Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին V դ. կառուցված միանավ տիպի եկեղեցի է: Այն հայ ճարտարապետության մեջ «գմբեթավոր դահլիճ» տիպի առաջին օրինակներից է, որը ստացվել է հնագույն եռանավ բազիլիկի վերակառուցումից: Ենթադրվում է, որ 3-րդ դ. վերջին կամ 4-րդ դ. սկզբին հեթանոսական մեհյանը «սրբագործվել է» ու վերածվել քրիստոնեական կառույցի, ապա՝ 5-րդ դ. վերջին կամ 6-րդ դ. սկզբին, Նիգ գավառի տեր Գրիգոր Գնթունի իշխանի պահանջով ու միջոցներով վերածվել է գմբեթավոր սրահի: Գմբեթատակ քառակուսուց անցումը գմբեթին իրականացվել է տրոմպների միջոցով: Սբ Պողոս-Պետրոս եկեղեցու գմբեթը հայ ճարտարապետության գմբեթաշինության մեջ ուրույն տեղ է գրավում, իր տեսակի մեջ հաջորդում է Տեկորի տաճարին, ինչպես նաև առաջիններից է պաշտամունքային ճարտարապետության մեջ առհասարակ:

1962-1967 թթ. ջրամբարի կառուցումից հետո այդ տեղում գտնվող Զովունի գյուղի երեք եկեղեցիներից երկուսը` Թուխ Մանուկ միանավ եկեղեցին (IV-V դ.) և Սբ Վարդան մատուռ-դամբարանը հնագիտական պեղումներով հետազոտվել, չափագրվել, ապամոնտաժվել և տեղափոխվել են մոտակա բարձունքի վրա: Երրորդը` Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին, հետազոտվելուց հետո մնացել է իր համեմատաբար բարձրադիր տեղում, վերածվել կղզու և տարվա մեջ մի քանի ամիս կիսով չափ ծածկված է ջրով: Վերջին վերանորոգման աշխատանքները կատարվել են 19-րդ դարի վերջերին, իսկ 20-րդ դարում արդեն քանդվել են եկեղեցու ծածկը և հարավային պատը:

2009 թ. նախարարության պատվերով, ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպություն» ՀԿ-ի կողմից իրականացվել է եկեղեցու մոնիթորինգ, և այն ընդգրկվել է ՀՀ առավել վտանգված հուշարձանների ցանկի մեջ: Միջազգային փորձագետների խորհրդատվության և տեղի մասնագետների կողմից մանրամասն նկարագրված գործողությունների, ինչպես նաև նախագծի կազմման արդյունքում միայն հնարավոր կլինի իրականացնել այդ բացառիկ նշանակության եկեղեցու տեղափոխման և վերականգնման աշխատանքները: Տեղափոխման վայրի ընտրության խնդիրը և անհրաժեշտ ֆինանսական միջոցների չափը կորոշվի նախնական ուսումնասիրության և նախագծման փուլում: Միևնույն ժամանակ, նախնական ուսումնասիրություններ կատարելու համար «Հուշարձանների ամրակայում, նորոգում և վերականգնում» ծրագրով 2013թ. ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին նախատեսվել է հատկացնել 990 հազար դրամ գումար:

«7 առավել վտանգված» ծրագրի նախնական ցուցակում ընդգրկված 14 կոթողներն են՝

1. Հռոմեական ամֆիթատրոն Դյուրեսում, Ալբանիա

2. Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցի, Արագածոտնի մարզ, Հայաստան

3. Նիկոսիայի պատմական կենտրոնի բուֆերային գոտի, Կիպրոս

4. Բրիանսոնի Վոբան պաշտպանության համակարգ, Ֆրանսիա

5. Լուսավորություն գազով և գազային լամպեր, Բեռլին

6. Աթենքի մոտ գտնվող Տատոյի նախկին թագավորական կալվածք, Հունաստան

7. Ալեսանդրիայի միջնաբերդ, Իտալիա

8. Սան Բենեդետտո Պո վերածննդի վանական համալիր, Մանտովայի շրջակայք, Իտալիա

9. Մանուելինե ոճով կառուցված Հիսուսի եկեղեցի և վանական համալիր, Սետուբալ, Պորտուգալիա

10. Ռոշիա Մոնտանիա լեռնային լանդշաֆտ, Տրանսիլվանիա, Ռումինիա

11. Նեոլիթյան հնագիտական վայր Վինցա-Բելո Բրդո, Բելգրադի շրջակայք, Սերբիա

12. Էլ Կաբանյալ-Կանյամելար շրջակա տարածք, Վալենսիա, Իսպանիա

13. Սբ Գևորգ հայկական եկեղեցի, Մարդին, Թուրքիա

14. Հասանքեֆ պատմական քաղաք և նրա շրջակայք, Թուրքիա Թուրքիայի Մարդին քաղաքի Սբ Գևորգ հայկական եկեղեցին 5-րդ դարի կառույց է, սակայն վերջնական տեսքը ստացել է

19-րդ դարում: Եկեղեցին չի գործում 1915 թ. ի վեր: Ներկայացվել է «Եվրոպա Նոստրա» ծրագրին Հայկական կաթոլիկ եկեղեցական համայնքի հիմնադրամի աջակցությամբ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---