«Բարև, Երևան»-ի արձանագրած խախտումները. Անջատված ինտերնետ, բաց քվեարկություն և գունավոր գրիչներ

«Բարև, Երևան»-ի արձանագրած խախտումները. Անջատված ինտերնետ, բաց քվեարկություն և գունավոր գրիչներ

PanARMENIAN.Net - «Բարև, Երևան» կուսակցությունների դաշինքի ընտրությունների վերահսկման տեղեկատվական կենտրոնը մինչ այս պահը ընտրախախտումների վերաբերյալ 21 ահազանգ է ստացել: Ըստ այդմ՝

1. 07:00, մայիսի 4-ից Յու-Քոմ ընկերության կողմից անջատված է Երզնկյան 75 հասցեում գտնվող Քաղաքացիական ազգային նախաձեռնության տարածքում տեղակայված «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքի տեղեկատվական կենտրոնի ինտերնետ-կապը: Յու-Քոմ-ի գրասենյակից դա բացատրել են «տեխնիկական խնդիրների» առկայությամբ:

2. 08:00, Էրեբունու 13/25 տեղամասից ահազանգել է «Ժառանգության» կուսակցության նշանակած Տեղամասային հանձնաժողովի անդամ Արուս Հովհաննիսյանը և հայտնել, որ ՀՀԿ-ի կողմից նշանակված նույն հանձնաժողովի նախագահ Աիդա Զաքարյանը ճնշում է գործադրում իր վրա՝ ընտրողների անունից պահանջելով ներողություն խնդրել նախորդ ընտրությունների ընթացքում տեղի ունեցած վիճաբանության համար:

3. 08:20, 7/22 տեղամասում «Ժառանգության» կուսակցության նշանակած Տեղամասային հանձնաժողովի անդամ Հասմիկ Թագակչյանը տեղեկացնում է, որ առավոտյան փորձարկվել է թանաքը և պարզվել, որ այն ցնդում է ժամանակից շուտ: Որոշում է կայացվել ԿԸՀ տրամադրած թանաքին խառնել սովորական թանաք:

4. 08:50, 7/23 տեղամասում «Ժառանգության» կուսակցության նշանակած Տեղամասային հանձնաժողովի անդամ Լուսինե Օրդոյանը ահազանգում է, որ որոշ ընտրողների մոտ նկատել է կանաչ և կարմիր գրիչներ:

5. 09:00, Զարուհի Փոստանջյանը ահազանգում է, որ 4/26 տեղամասում ընտրողների թիվը նախագահական ընտրությունների համեմատ ավելացել է 40-ով, իսկ 4/24-ում՝ գրեթե 100-ով:

6. 09:20,11:30. 6/17 տեղամասում «Ժառանգության» կուսակցության նշանակած Տեղամասային հանձնաժողովի անդամ Մերի Մաթևոսյանը ահազանգում է մեքենաների կուտակում ընտրատեղամասի առջև, ինչպես նաև կողմնակի անձանց ներկայություն տեղամասում: Նա այդ մասին ահազանգել է հանձնաժողովի նախագահին, որը սակայն որևէ միջոց չի ձեռնարկել կողմնակի անձնանց դուրս հանելու համար: Երբ Մերի Մաթևոսյանն ինքն է փորձել կարգի հրավիրել կողմնակի մի անձի և խնդրել է նրան դուրս գալ տեղամասին՝ այդ անձնավորությունը սպառնացել նրան, որ «իրեն վատ կլինի դրա համար», ապա դուրս եկել տեղամասից: Նույն անձնավորությունը 155 դպրոցի մոտ «Բարև Երևան» վստահված անձին սպառնացել է «ոտքերը ջարդել»:

7. 10:50, ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը իր ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ «Ժառանգության» կողմից նշանակված հանձնաժողովի 8 անդամներ չեն ներկայացել իրենց տեղամասեր: «Ժառանգության» կենտրոնական գրասենյակից փորձել են ճշտել ԿԸՀ-ից, թե կոնկրետ ո՞ր տեղամասերի հանձնաժողովականներն են բացակայում, սակայն Սմբատյանի օգնականը՝ վերջինի հետ խոսելուց հետո հրաժարվել է տրամադրել այդ տեղեկությունները: 12:00-ի դրությամբ ԿԸՀ-ն այդպես էլ չի տրամադրել «Ժառանգության» կենտրոնական գրասենյակին այդ տեղեկատվությունը:

8. 09:20, Շենգավիթի քաղմասի հետնամասում բաժանվում է ընտրակաշառք: Գտնվող մանկապարտեզում՝ 8/32 ընտ Ահազանգը փոխանցվել է նաև Երևան քաղաքի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին: Երեկ 144 դպրոցում բաժանվել է ընտրակաշառք:

9. 09:25, 2/8 տեղամասում Նոր Նորքի 4-րդ հատվածում «Ժառանգության» ներկայացուցիչը բռնել է մի մարդու, ով փորձել է կրկնակի քվեարկություն անել: Նրա անձնագրից մաքրված է եղել կնիքը, սակայն նա փորձել է տվյալները փոխանցել է ոստիկանությանը: «Բարև Երևանի» ներկայացուցիչները մեկնել են տեղամաս:

10. 09:35, «Բլեյանի դպրոցի» շրջակա շենքերում բաժանվում են գունավոր գրիչներ և ընտրողներին յուրաքանչյուրին 20.000 գումար են տալիս՝ ՀՀԿ-ին ընտրելու համար: Ահազանգը փոխանցվել է նաև Երևան քաղաքի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին:

11. 09:50, 8/30-ում (50 դպրոց) լարված մթնոլորտ է eu անկառավարելի իրավիճակ: Արձանագրվել է դեպք, երբ ընտրողը մոտեցել է քվեատուփին,՝ առանց քվեաթերթիկը ծրարի մեջ դնելու:

12. 10:00, 11/14-ում բաց քվեարկություն է իրականացրել, հայտարարելով, որ քվեարկում է 6-րդ համարի օգտին անձնագիրը չի տվել, որ կնքեն, «Ժառանգության» ներկայացուցիչը ահազանգել է հանձնաժողովի անդամին, ով դիմել է ոստիկանությանը: Ոստիկանը տարել է նշված անձնավորությանը և առանց տվյալները արձանագրելու բաց է թողել: Խախտման մասին աջձանագրություն է կազմվել «Ժառանգության» ներկայացուցչի կողմից: Ոստիկանի անգործության մասին տեղեկատվությունը փոխանցվել է նաև Երևան քաղաքի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին:

13. 10:30 5/20 տեղամասում կուտակումներ ներսում՝ 25-ից ավելի մարդ: Անհայտ անձիք, թաղային հեղինակություններ գտնվում են տեղամասում, շրջում են և ուղղորդում ընտրողներին:

14. 11:00, Դիտորդ Կարեն Վարդանյանը ահազանգում է, որ Յու-Քոմ ընկերությունը իր աշխատակիցներին հրահանգել է ընտրել Տարոն Մարգարյանին:

15. 11:05, 6/06, 6/07 տեղամասերում կուտակումներ և տեղամասերի մոտ շուրջ 50 մեքենա է կուտակված

16. 11:00, 10/10 տեղամասի առջև մեքենաների կուտակումներ:

17. 11:20, 11/13-ում հանձնաժողովի նախագահը թույլ է տվել մի քաղաքացու քվեարկել նույնականացման քարտով:

18. 11:43 Ավանի 1/21 տեղամասում թիվ 56 համարի երթուղային տաքսիներով բերում են ընտրողներին ընտրատեղամաս:

19. 11:48, 4/22 տեղամասում հանձնաժողովի նախագահը թույլ է տվել մի անհայտ քաղաքացու քվեարկել ID-քարտով:

20. 11:50, մի քաղաքացի, ով չցանկացավ ներկայանալ, ահազանգեց, որ Զորավար 32 հասցեում, Թումանյանի անվ. դպրոցում տեղակայված ընտրատեղամասի դիմաց բաժանում են ընտրակաշառք ՀՀԿ-ի օգտին և տալիս գունավոր գրիչներ՝ քվեարկությունը վերահսկելու նպատակով:

21. 12:00, մի քաղաքացի ահազանգել է, որ Շենգավիթի թիվ 27 դպրոցի մոտ ընտրակաշառք են բաժանում:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---