Հայ սպայի սպանության գործով դատավարությունը մոտենում է ավարտին

PanARMENIAN.Net - Հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության համար մեղադրվող ադրբեջանցի զինծառայող Ռամիլ Սաֆարովի դատավարությունն ընդհուպ մոտեցել է ավարտին: Այդ մասին հայտարարել է Բուդապեշտի դատարանում Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդի շահերը ներկայացնող փաստաբան Նազելի Վարդանյանը:

Դեկտեմբերի 10-ից Բուդապեշտում գտնվող հայ փաստաբաններն ու պաշտպանության նախարարության ներկայացուցիչը սպասում են դեռեւս նոյեմբերի 25-ին փորձագետների անցկացրած` Ռամիլ Սաֆարովի առողջական վիճակի վերաբերյալ թվով երրորդ դատական փորձաքննության արդյունքին:



«Առայժմ նորություններ չունենք», - հաղորդել է Նազելի Վարդանյանը` ավելացնելով, որ պաշտոնապես պատասխանը հրապարակվելու է հինգշաբթի օրը` դատական նիստի ժամանակ: Ռ.Սաֆարովի հոգեկան վիճակի վերաբերյալ արված առաջին երկու փորձաքննությունները տարակարծությունների առիթ էին տվել, քանի որ առաջին անգամ հունգարացի հոգեբանները որոշել էին, որ 2004 թվականի փետրվարին Բուդապեշտում` ՆԱՏՕ-ի կազմակերպած անգլերեն լեզվի դասընթացների ժամանակ 26-ամյա հայ սպային դաժանաբար կացնահարած ադրբեջանցի զինծառայողը մեղսունակ է, իսկ երկրորդ անգամ` թե Սաֆարովը լիովին չէր կարող վերահսկել իր գործողությունները, այսինքն` սահմանափակ մեղսունակ է: «Երրորդ փորձաքննությունը փաստաթղթային է եւ արվել է առաջին երկուսի հիման վրա կազմված փաստաթղթերի համադրությամբ», - բացատրեց Նազելի Վարդանյանը: Եվս մեկ փորձաքննություն նշանակելու հնարավորություն օրենքն այլեւս չի տալիս, չկան նաեւ նոր վկաներ, իսկ դա նշանակում է, որ դատավարությունը շուտով կավարտվի:



Նախորդ դատական նիստը հետաձգվել էր նաեւ այն պատճառով, որ չէր ներկայացել ադրբեջանական կողմի հերթական վկան` Անար Ալիեւը, ով ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ բնակվում էր Ռամիլ Սաֆարովի հարեւանությամբ: Այս անգամ նրա` դատարան ներկայանալու եւ ցուցմունք տալու վերջին հնարավորությունն է, սակայն ադրբեջանական մամուլում արդեն հրապարակումներ կան, թե Անար Ալիեւն այս անգամ էլ չի ներկայանալու` առողջական խնդիրներ ունենալու պատճառաբանությամբ: Չգալու դեպքում, Վարդանյանի փոխանցմամբ, դատարանում կհրապարակվի նրա նախաքննական ցուցմունքը:



Հարցին, թե ինչ սպասելիքներ ունեն մոտալուտ վճռից, Նազելի Վարդանյանը պատասխանեց. - «Եթե օբյեկտիվ լինի դատավորը, պետք է շատ խիստ պատիժ նշանակի: Իրենք (ադրբեջանցիները) փորձում են լրիվ ազատել եւ իրենց մամուլում են գրում են, թե եթե ինչ-որ պատիժ նշանակվի, դա արդեն պարտություն է: Մենք էլ ուզում ենք ամենախիստը լինի` ցմահ բանտարկություն»: Ինչ վերաբերում է Սաֆարովի էքստրադիցիայի հարցին, ապա այն կարող է քննարկման առարկա դառնալ միայն վճռի կայացումից հետո, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:



Հիշեցնենք, որ 2004 թվականի փետրվարի 19-ին Հայաստանի Զինված ուժերի լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը, որը Բուդապեշտում մասնակցում էր «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում անգլերեն լեզվի դասընթացներին, գազանաբար կացնահարվել էր նույն դասընթացների մասնակից` ադրբեջանցի սպայի կողմից: Սաֆարովին մեղադրանք է ներկայացվել Հունգարիայի ՔՕ 116.2 հոդվածով (առանձնահատուկ դաժանությամբ կատարված սպանություն, եւ մահափորձ մեկից ավելի անձանց հանդեպ), որով նախատեսվում է 10-15 տարվա ազատազրկում կամ ցմահ բանտարկություն:
 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---