Հայ փաստաբանը բավարարված է Ռ.Սաֆարովի գործով հերթական դատական նիստի արդյունքներով

PanARMENIAN.Net - Ռամիլ Սաֆարովի գործով դատարանում տուժող կողմի շահերը ներկայացնող փաստաբան Նազելի Վարդանյանը բավարարված է հերթական դատական նիստի արդյունքներով, որը նախօրեին տեղի ունեցավ Բուդապեշտում, հաղորդում է PanARMENIAN.Net ի թղթակիցը Հունգարիայի մայրաքաղաքից: Նրա խոսքերով, դատավորի սկզբունքայնությունը թույլ է տալիս արդար դատավճիռ ակնկալել: Ինչպես նշել է Ն.Վարդանյանը, դատարանի հաջորդ նիստը, որը նշանակված է մարտի 7-ին, հավանաբար վերջինը կդառնա: Ինչպես ավելի վաղ հաղորդել էր PanARMENIAN.Net ը, նախօրեին Բուդապեշտում տեղի է ունեցել հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության համար մեղադրվող ադրբեջանցի զինծառայող Ռամիլ Սաֆարովի գործով հերթական դատական նիստը: Նիստը սկսվեց Ռ.Սաֆարովի երրորդ դատահոգեբանական փորձաքննության արդյունքների հրապարակումից, որը հիմնված էր առաջին երկու փորձաքննությունների արդյունքների համեմատության վրա: Սակայն, հոգեբանին առաջադրված խնդրին հակառակ, ներկայացված զեկույցն, ըստ էության, նոր փորձաքննություն էր: Ընդ որում նրա արդյունքները գրեթե համընկնում էին երկրորդ փորձաքննության արդյուքների հետ, ըստ որի հանցագործության պահին Ռ.Սաֆարովը, եղել է աֆեկտի եւ հետտրավմատիկ շոկի ազդեցության տակ: Եթե այդ եզրակացությունն ընդունվեր, դա կնշանակեր, որ դատարանը ընդունում է մեղմացուցիչ հանգամանքների առկայությունը:



Նշենք, որ առաջին դատահոգեբանական փորձաքննության արդյունքները ցույց տվեցին, որ Ռ.Սաֆարովը կատարել է հանցագործությունը, գտնվելով «սթափ հոգեվիճակում»: Առաջին փորձաքննության հեղինակը, որը նույնպես ներկա էր դատին, կրկին պաշտպանեց իր սեփական եզրակացության հիմնավորվածությունը: Երրորդ փորձագետի անաչառության վերաբերյալ կասկածներ հայտնեց նաեւ դատախազը: Դատավորը անընդունելի համարեց այն փաստը, որ փորձագետը թույլ է տալիս իրեն եզրակացություններ անել եւ գնահատականներ տալ, երբ նրանից դա չէր պահանջվում: Արդյունքում, դատավորը տուգանեց փորձագետին 10 հազար ֆորինտով լիազորությունները գերազանցելու համար եւ հեռացրեց այդ գործից: Այդպիսով երրորդ փորձաքննությունը անվավեր է ճանաչվել: Դատավորը նոր փորձաքննություն է նշանակել, որը կանցկացնեն Դեբրեցենի համալսարանի հոգեբանները: Հերթական դատահոգեբանական փորձաքննության արդյունքները կհրապարակվեն դատարանի հաջորդ նիստում` 2006 թվականի մարտի 7-ին:
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---