14  13.05.13 - Վահագն Հայրապետյանի և Դանիիլ Կրամերի մամուլի ասուլիսը

Դանիիլ Կրամեր. Ես ջազ «եկած» դասական եմ, իսկ Վահանգը իսկական ջազմեն է

Դանիիլ Կրամեր. Ես ջազ «եկած» դասական եմ, իսկ Վահանգը իսկական ջազմեն է

PanARMENIAN.Net - Այսօր երեկոյան Արամ Խաչատրյանի անվան համերգասրահի բեմում երկու ջազային վիրտուոզներ են՝ դաշնակահար, «Կատուներ» հայկական էթնո-ջազ խմբի հիմնադիր Վահագն Հայրապետյանն ու հանրահայտ ռուս ջազմեն, դաշնակահար Դանիիլ Կրամերը: Ի դեպ, համերգին կհաջորդի նաև երաժիշտների համատեղ՝ «Life in Ekaterinburg» ձայնասկավառակի շնորհանդեսը, որը կկայանա ժամը 22:00-ին՝ «Mezzo» ակումբում: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց Վահագն Հայրապետյանը, ձայնասկավառակը ձայնագրվել է 2 տարի առաջ, երբ ջազմենները համատեղ հյուրախաղերի էին Սիբիրի ու Ուրալի տարբեր քաղաքներում: Երևանյան համերգի կազմակերպիչը TM Production ընկերությունն է:

«Սա մեր առաջին համատեղ համերգը չէ: Շատ անգամ ենք միասին ելույթ ունեցել, ես հաճախ եմ հյուրընկալվել Դանիիլին», - նշեց հայ ջազմենը` հավելելով, որ շատ ուրախ է այսօր հյուրընկալել Կրամերին Հայաստանում: Երևանի գլխավոր «Կատուն» ասաց նաև, որ Ա.Խաչատրյանի անվ. համերգասրահի ու «Mezzo» ակումբի համերգների ռեպերտուարը, ինչպես և հնչեղությունը, տարբեր են լինելու: Անդրադառնալով ձայնասկավառակին, Հայրապետյանն ասաց, որ բոլոր համատեղ համերգները միշտ էլ ձայնագրել են, բայց իրենց համար. այս անգամ որոշել են այդ ձայնագրություններից նաև սկավառակ սարքել:

«Լինում էր, որ համերգին լավ պահեր էին լինում, բայց ձայնագրության որակն այդքան էլ լավը չէր լինում, կամ ինչ-որ այլ բան էր խանգարում»,- ասաց հայ վիրտուոզը, հավելելով, որ այս համերգի ձայնագրությունն ամենահաջողն է: Դանիիլ Կրամերն էլ իր հերթին հավելեց, որ համատեղ ձայնասկավառակ ձայնագրելու մտահղացումը եղել է Վահագնինը:

«Ինչպես և շատ երաժիշտներ, ես վախենում եմ լսել իմ ձայնագրությունները, իսկ Վահագնը՝ ոչ: Նա զանգահարեց, ասաց՝ Դանիիլ, լավ ձայնագրություն է, սկավառակ սարքենք»,- ասաց Կրամերը՝ նշելով, որ ինքը լսել է «սևագրությունը», որի մշակմամբ հետագայում զբաղվել է Հայրապետյանը:

Վահագնի խոսքով, ձայնասկավառակում Եկատերինբուրգի ամբողջ համերգը չէ, քանի որ այն բաղկացած էր երկու մասից. այստեղ միայն 70 րոպեն է: Նա նշեց նաև, որ ներառված են ոչ միայն դուետները, այլև սոլո ելույթները: Կրամերն էլ ավելացրեց.

«Սկավառակում հիմնականում հավաքված են ջազային ստանդարտները, որոնց մի մասը կատարված է ոչ ստանդարտ կերպով: Այստեղ հավաքված են այն ստեղծագործությունները, որոնք առանձնանում են համերգի ընդհանուր ոճից»,- ասաց նա, հավելելով. «համերգի ընդհանուր ոճը ջազային է, բայց մեկ էլ հայտնվում է «Yesterdays» կոչվող ստեղծագործությունը (որը ես մենակ եմ կատարում)՝ դա ջազ է, բայց Շուբերտի տրամադրությամբ»:

Կրամերը նշեց նաև Հայրապետյանի հետ դուետի առանձնահատկությունը, որը, ըստ նրա, կայանում է իրենց չափազանց տարբեր լինելու մեջ:

«Ես ջազ «եկած» դասական եմ, ու ես ամեն ինչ չեմ նվագում այնպես, ինչպես դա կանեին ջազմենները, ու չեմ էլ պատրաստվում: Իսկ Վահագնը իսկական ջազմեն է, նա ունի իր զուտ ջազային ձևը»,- ասաց ռուս ջազմենը՝ ավելացնելով, որ անգամ դժվար է պատկերացնել, թե որքան են իրենք տարբեր, ինչն էլ իրեն չափազանց գրավում է:

Հավելենք նաև, որ այսօր՝ ժամը 19:00-ին կայանալիք համերգին հնչելու են Պ.Դեսմոնդի, Թ.Մոնկի, Թ.Թիլեմանսի, Բ.Բոումենի, Հ.Քարմիշելի, Ս.Գորրելլի, Ջ.Մարքսի, Ս.Սիմոնսի, Ջ.Քերնի, Ֆ.Չրչիլի, Վ.Յումենսի, Բ.Սթրեյհորնի, Ֆ.Ուոլլերի ու Լ.Դոնալդսոնի ստեղծագործությունները:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---