«Նագգաշյան մանուկների տուն» կենտրոնում անապահով ընտանիքների 13-16 տարեկան 15 պատանի է ապրում

«Նագգաշյան մանուկների տուն» կենտրոնում անապահով ընտանիքների 13-16 տարեկան 15 պատանի է ապրում

PanARMENIAN.Net - Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Հայաստանի Հանրապետության առաջին տիկին Ռիտա Սարգսյանն այցելել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Նագգաշյան մանուկների տուն» երեխաների աջակցության կենտրոն: Նրանց հետ են եղել նաև ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, Մայր Աթոռի վանական խորհրդի նախագահ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը և ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:

Հայ Եկեղեցու ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի հայկական բարեգործական «Մեր Հույս» կազմակերպության և անհատ բարերարների աջակցությամբ գործող կենտրոնում այժմ ապրում են սոցիալապես անապահով ընտանիքների 13-16 տարեկան 15 պատանիներ, ովքեր ստանում են մասնագիտական կողմնորոշում ու սոցիալական աջակցություն:

Այցի ընթացքում Վեհափառ Հայրապետը և Հայաստանի առաջին տիկինը, կենտրոնի տնօրեն Միհրան Միրիջանյանի ուղեկցությամբ, շրջել են կենտրոնում, ծանոթացել երեխաների համար ստեղծված պայմաններին:

Այնուհետև Կաթողիկոսը և Ռիտա Սարգսյանը հանդիպել են կենտրոնի փոքրիկ բնակիչների հետ, ովքեր ներկայացրել են իրենց առօրյան և ծրագրերը: Մտերմիկ զրույցից հետո պատանիները հանդես են եկել գեղարվեստական հայտագրով` կատարելով ազգային ու հոգևոր երգեր և ասմունքելով իրենց հեղինակած բանաստեղծությունները:

Շնորհակալություն հայտնելով ՀՀ առաջին տիկնոջը «Նագգաշյան մանուկների տուն» այցելելու համար` Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծել է, որ սպասված հանդիպումը մեծ ուրախություն է պատճառել երեխաներին և իրենց հանդեպ Ռ.Սարգսյանի դրսևորած սերն ու հոգատարությունը մշտապես պիտի կրեն իրենց սրտում:

Վերջում Ռիտա Սարգսյանը կենտրոնի 15 սաներին նվերներ է հանձնել` յուրաքանչյուրի հետ առանձին ծանոթանալով: Այնուհետև Կաթողիկոսը և առաջին տիկինն այցելել են կենտրոնի հարևանությամբ գտնվող Արաբկիրի հայորդյաց տուն, որտեղ հայորդյաց տների հոգևոր տեսուչ Տ. Կոմիտաս վարդապետ Հովնանյանը ներկայացրել է Մայր Աթոռի և ՀԲԸՄ հովանու ներքո գործող հայորդյաց տների գործունեությունը: Հայորդյաց տան սաները Նորին Սրբությանը և տիկին Սարգսյանին ողջունել են ազգային պարերի կատարումներով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---