23 դեկտեմբերի 2005 - 15:01 AMT
ԱՊՀ-ն դադարեցրե՞ց իր գոյությունը
Անկախ պետությունների համագործակցությունը դադարեցրեց իր գոյությունը: Այն մասին, որ ԱՊՀ-ն այլեւս գոյություն չունի հայտարարեց այսօր Դաշնության Խորհրդի միջազգային կոմիտեի ղեկավար Միխաիլ Մարգելովը: Պատգամավորի խոսքերով, Համագործակցությունը վերածվել է մի ամորֆ կազմակերպության առանց համընդհանուր նշանակության նորմերի: Ապահարզանը կայացավ, ասել է սենատորը, ավելացնելով, որ ամենեւին էլ «նարնջագույն» հեղափոխությունները չէ, որ դարձան ԱՊՀ փլուզման պատճառ: Ըստ Մարգելովի, ԱՊՀ-ն դեռեւս կարող է պահպանվել ձեւականորեն, սակայն փաստորեն համագործակցությունը ոչ մի համեմատության մեջ չի կարող մտնել Շանհայի համագործակցության կազմակերպության կամ Միասնական տնտեսական տարածության հետ: Իր հերթին, Քաղաքական տեխնոլոգիաների կենտրոնի ղեկավար Ալեքսեյ Մակարկինը հայտարարել է, որ դեռեւս վաղաժամ է խոսել այն մասին, թե ԱՊՀ-ն այլեւս գոյություն չունի: Այդպես է քաղաքագետը մեկնաբենել է Դաշնության Խորհրդի միջազգային կոմիտեի ղեկավար Միխաիլ Մարգելովի խոսքերն այն մասին, որ ԱՊՀ-ն դադարեցրել է իր գոյությունը: «Փաստորեն ԱՊՀ-ն մեկ ֆունկցիա ունի` սա հարթակ է բանակցությունների, երկրների ղեկավարների շփման համար,-նշել է Ա.Մակարկինը:-Օրինակ, այլ ձեւաչափով բավականին բարդ է մեկ տեղում հավաքել Հայաստանի եւ Ադրբեջանի, կամ Ռուսաստանի եւ Վրաստանի ղեկավարներին»: Սակայն ԱՊՀ-ն չի կարող գոյություն ունենալ «ԽՍՀՄ-ի օրինակով, որպես ինտեգրող կառույց», գտնում է Ա.Մակարկինը: «Հավանաբար, ոմանք նման ակնկալիքներ ունեին ԱՊՀ-ից, սակայն դրանք չարդարացան, քանի որ ԱՊՀ անդամ մի շարք երկրներ այսօր ընթանում են Արեւմուտքի ուղղությամբ»,-նշել է քաղաքագետը: Ըստ Ա.Մակարկինի, այսօր«ԱՊՀ-ում կա ակտիվ փոքրամասնություն, որը կողմնորոշված է դեպի Արեւմուտք եւ մեծամասնություն, որը ձգտում է դեպի Ռուսաստանը»: «Հավանաբար, ինչ-որ փուլում երկրների մի փոքր մասը կհեռանա ԱՊՀ-ից, սակայն հազիվ թե դա կատարվի այսօր կամ վաղը,-գտնում է քաղաքագետը:- Նրանք կարող են հեռանալ ԱՊՀ-ից միայն այն դեպքում, եթե այդ երկրները իրական շանս ստանան ինտեգրվելու արեւմտյան քաղաքական համակարգին»: «Այն դեպքում, եթե նրանք հեռանան, ԱՊՀ-ն կփոքրանա, հնարավոր է կձեւափոխվի մեկ այլ կազմակերպության, սակայն կմնա»,-եզրափակել է Ա.Մակարկինը, հաղորդում է «Էխո Մոսկվի»-ն: