20 մայիսի 2013 - 14:15 AMT
Օմբուդսմենը դիմել է ՍԴ՝ բուհերի ինքնավարության սկզբունքի սահմանները հստակեցնելու համար

Գրեթե չորս տարի է, ինչ ՀՀ կառավարության որոշմամբ ընդունելության քննությունները կազմակերպվում և անցկացվում են բացառապես «Գնահատման և թեստավորման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից:

Բուհեերի ինքնավարության սահմանափակման հարցով 2013 թվականին Մարդու իրավունքների պաշտպանին էին դիմել մի շարք բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ՝ խնդրելով ուսումնասիրել Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության գործընթացը սահմանող ՀՀ կառավարության 2012 թվականի որոշման Սահմանադրության համապատասխանության հարցը:

ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորվում է բուհերի ինքնավարության սկզբունքները: Համաձայն «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի՝ ըստ կրթական ծրագրերի դիմորդների ընդունելության և ուսումնական գործընթացի կազմակերպումը հանդիսանում է բարձրագույն ուսումնական հաստատության իրավասությունը: Այսինքն՝ բուհերն են կազմակերպում ընդունելության քննություները:

Բացի այդ, բուհերի ինքնավարության սկզբունքը Բոլոնիայի գործընթացի և կրթության բնագավառի միջազգային իրավական սկզբունքներից մեկն է, որն ամրագրված է մի շարք միջազգային փաստաթղթերում, այդ թվում նաև` Բերգենի հռչակագրում:

Ուսումնասիրելով խնդիրը՝ Մարդու իրավունքների պաշտպանը գտնում է, որ միասնական քննական համակարգի ներդրումն ունի որոշակի առավելություններ, սակայն միևնույն ժամանակ Կառավարության որոշմամբ սահմանված այդ համակարգի կարգավորումները չեն կարող անհամապատասխանության մեջ գտնվել առավել բարձր իրավաբանական ուժ ունեցող փաստաթղթերի հետ:

Պաշտպանի աշխատակազմից հայտնում են, որ Կառավարության տվյալ որոշման սահմանադրականությունը պարզելու նպատակով Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դիմել է ՀՀ Սահմանադրական դատարան։