Վերջին զանգի գլխավոր միջոցառումը կանցկացվի Ազատության հրապարակում

Վերջին զանգի գլխավոր միջոցառումը կանցկացվի Ազատության հրապարակում

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանում այսօր կայացած հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետարանի Արտաքին ձևավորման և գովազդի վարչությանը հանձնարարվել է Լեզվի պետական տեսչության հետ համատեղ մայրաքաղաքում կազմակերպել շրջայցեր և արձանագրել այն գովազդները, որոնք հակասում են Գովազդի և լեզվի մասին օրենքների պահանջներին և ձեռնարկել համապատասխան քայլեր դրանք շտկելու ուղղությամբ:

Հանձնարարվել է նաև գույքագրել նախորդ տարիներին կառուցված խաղահրապարակները, այգիներն ու պուրակները, ֆուտբոլի դաշտերն ու մարզահրապարակները և դրանց պահպանման ուղղությամբ ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ:

Մայիսի 24-ին դպրոցների ավարտական դասարանների Վերջին զանգի միջոցառումների վերաբերյալ զեկուցվել է, որ տարվել են նախապատրաստական անհրաժեշտ բոլոր աշխատանքները: Նշվել է նաև, որ օրվա գլխավոր միջոցառումը` համերգային ծրագրի տեսքով, տեղի է ունենալու Ազատության հրապարակում: Քաղաքապետը հանձնարարել է ներկայացնել միջոցառումների ծրագիր՝ հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը, Կենդանաբանական այգում, Հաղթանակ զբոսայգում, Ազատության հրապարակում, ինչպես նաև վարչական շրջանների համապատասխան տարածքներում միջոցառումներ կազմակերպելու և տոնական մթնոլորտ ապահովելու նպատակով: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---