Աղվան Վարդանյան. Բացի իշխանությունից, անձնական բարեկեցությունից այլ արժեքներ կան

Աղվան Վարդանյան. Բացի իշխանությունից, անձնական բարեկեցությունից այլ արժեքներ կան

PanARMENIAN.Net - ԱԺ-ում շարունակվում է Կառավարության գործունեության ծրագրի գործունեությունը: ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը հայտարարեց, որ հին-նոր կառավարության հերթական ծրագիրն է, որ և առաջադրանքներով, և ակնկալվող արդյունքներով գրեթե նույնությամբ կրկնում է մեկ տարի առաջ ներկայացվածը: Ներկայացնում ենք նրա ելույթը.

«Շատ հավանական է, որ այս կառավարությունը այս ծրագիրը նույնպես ձախողելու է: Իբրև վկայություն՝ մի մեջբերում վերջին՝ արտաքին ռիսկեր բաժնից. ¦Էներգակիրների ներմուծման գների հնարավոր բարձրացումը… կարող է զսպող ազդեցություն ունենալ… նաև ՀՆԱ-ի աճի տեմպերի վրա§: Այո, կառավարությունը գրեթե չի փոխվել, ծրագիրը գրեթե չի փոխվել, բայց փոխվել է կյանքը, ավելի են խորացել-սրվել մեր պետության ու հասարակության առջև ծառացած բարդագույն խնդիրները:

Մենք նաև դուրս ենք եկել պարբերական ընտրությունների ցիկլից, ու թվում է՝ առնվազն չորս տարի, վարչապետի խոսքերով, ¦նվիրական, տքնաջան աշխատանքի§ ժամանակ ունենք: Ճիշտ է, քաղաքական մեծամասնությունը կարծում է` անցած ընտրություններում ինքը ժողովրդի անվերապահ վստահությանն է արժանացել, իսկ մենք էլ վստահ ենք` իշխանությունը ուղղակի ջարդել է ընտրական համակարգը Հայաստանում, և ընտրություններով ոչինչ չի որոշվում:

Վերջին ընտրություններում ինձ համար երկու տիպական դրվագ կար. ցուցադրում են կադրեր, երբ ընտրական տեղամասում թաղի տղան աղմուկ, հայերեն՝ դեբոշ էր սարքել: Հայաստանի Հանրապետության ոստիկանի համազգեստով չորս անձինք ուղղակի ի վիճակի չէին, չէին համարձակվում թաղի այդ տղային զսպել: Նա հարձակվում էր, գոռգոռում, երեք-չորս անգամ ներխուժում տեղամաս: Ոստիկանի համազգեստով անձինք, այսինքն՝ պետությունը, անզոր էր այդ տղայի առաջ:

Երկրորդ պատկերը՝ լրագրողները հարց են տալիս վարչապետին՝ ահազանգեր կան, որ ընտրակաշառք են բաժանում Հանրապետականը և ոչ միայն: Վարչապետն ասում է՝ հերյուրանք է: Խելացի պատասխան:

Երևանի տասնյակ հազարավոր բնակիչներ ստացել են այդ ընտրակաշառքը, հազարավորները բաժանել են: Այդքան մարդ առնվազն գիտի, որ տվել ու ստացել է, գիտի՝ ինչն-ինչոց է: Իշխանությունն ասում է՝ հերյուրանք է: Խոսքի և իրականության այս հակասությունն է մեր կյանքի ճշգրիտ բնութագիրը:

Կարևորը այլ բան է: Մարտունակ, ապահով, անվտանգ, բարեկեցիկ, ազատ Հայաստան ունենալու ինչ նախադրյալներ ենք ստեղծել և ինչպես ենք հասնելու այդ տեսլականին: Այս բոլոր բառ-բնորոշիչները, բնականաբար, կառավարության ծրագրից են: Թղթի վրա գրված:

Կյանքը բոլորվին այլ է՝ հոգևոր, բարոյական ծանր մթնոլորտ, հուսալքություն, արտագաղթ, աղքատություն, հեռանկար չտեսնող երիտասարդություն, ամեն օր մի տեղ հուսահատ բռնկում:

Մյուս կողմից՝ Հայաստանի ինքնիշխանության վրա շարունակական ճնշումներ: Անկախ պետականության 22 տարիների արդյունքը սա էր լինելու:

Մենք չենք ասում՝ ոչինչ չի արվում: Մենք ասում ենք՝ արվածը անսահման քիչ է ու տանում է ոչ մի տեղ: Մենք մեղավոր փնտրելու խնդիր էլ չունենք: Բնականաբար, մեղքի, պատասխանատվության բաժին ունեն բոլոր կառավարությունները, քաղաքական հիմնական բոլոր ուժերը: Բայց միթե ժամանակը չէ կանգ առնել և լուծումներ փնտրել: ¦Մենք միակ ճիշտն ենք, մենք պարտավոր ենք անընդհատ վերարտադրվել§,- մտածողությունն այլևս սպառում է ձախողել Հայաստանի պետականությունը:

Այո, քաղաքական մեծամասնությունը կարող է հրահանգով միաձայն քվեարկել ու միանձնյա կառավարել: Բայց որն է նպատակը: Եթե թղթի վրա գրվածը, ապա ինչու ենք անընդհատ հեռանում այդ նպատակից, ինչու ենք ազգերի, պետությունների մրցակցության մեջ անընդհատ տանուլ տալիս:

Ակնհայտ է՝ ստեղծված անհեռանկար կացությունից ելք գտնելու թիվ մեկ պատասխանատուն գործող իշխանությունն է, որը եթե ճիշտ հետևություններ չանի, հենց ինքն է փլուզեու խաղաղ, անցնցում զարգանալու մեր հնարավորությունը: Խնդրում եմ՝ մի° մոռացեք՝ հաճախ անակնկալ անկումը գալիս է հենց այն պահերին, երբ իշխանությանը թվում է, թե բոլոր վտանգները ետևում են մնացել, և ինքը բացարձակապես տիրապետում է իրավիճակին:

Ես սովորեցնելու, դաս տալու ոչ մի ցանկություն չունեմ: Բացի իշխանությունից, անձնական բարեկեցությունից, այլ արժեքներ կան: Անկախ պետականությունը, ազատ հայ մարդը և յուրաքանչյուրիս պարտքը՝ մեզանից հետո թողնելու երկիր, որտեղ ընդդիմություն-իշխանություն ներկայացնող ամեն մեկս ու մեր զավակները հպարտ ապրելու հնարավորություն կունենան: Ցավոք, այս կառավարության այս ծրագիրը մեզ չի մոտեցնում այդ նպատակին»:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---