Ռոքֆելերի արխիվի լուսանկարների ցույցադրություն` Երևանում

Ռոքֆելերի արխիվի լուսանկարների ցույցադրություն` Երևանում

PanARMENIAN.Net - Այսօր, Հայաստանում առաջին անգամ կցուցադրվի Ռոքֆելերի արխիվային կենտրոնում պահվող Մերձավոր արևելքի նպաստամատույց կոմիտեի լուսանկարների բացառիկ հավաքածուն: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում են «Նարեկացի» արվեստի միությունից:

Միության, Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության և ԱՄՆ Մերձավոր Արևելքի հիմնադրամի համատեղ ջանքերով Հայաստան է բերվել շուրջ 200 արխիվային լուսանկար, որոնք մայիսի 25 – հունիսի 8 –ը կցուցադրվեն Ազգային պատկերասրահում, «Նարեկացի» արվեստի միության Երևանի մասնաճյուղում ևԳյումրու «Թռչունյան տուն» մանկատանը: Ցուցահանդեսները կուղեկցվեն Յոհաննես Լեփսիուսի «Գերմանիայի արևելյան առաքելություն» միությանը հղած «Հայոց չարչարանքն ու քրիստոնյա աշխարհի զորակցությունը» վավերագրական եռամաս զեկույցի ցուցադրությամբ:

Ցուցահանդեսի բացման երեք օրերին էլ միջոցառումներն կմասնակցեբ ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարթունյանն ու Միացյալ Նահանգներից հատուկ միջոցառմանը մասնակցելու համար Երևան ժամանած Մերձավոր Արևելքի հիմնադրամի խորհրդի նախագահ Շանթ Մարտիրոսեանը: Ցուցահանդեսին մասնակցելու համար ԱՄՆ-ից Երևան է ժամանել Լեսլի Մալոթը: Նա «փոքրիկ Ազատուհի» անունով հայտնի` Ամերկոմի միսիոներներ դոկտոր Չարլզ և Ռուբի Գաննաուիեյների որդեգրված մարաշցի որբուհի Ազատուհի Գաննաուիեյի դուստրն է:

Ցուցահանդեսին ընդառաջ, «Նարեկացի» արվեստի միությունը հրատարակել է ներկայացվելիք արխիվային լուսանկարների ծավալուն ալբոմ, որն անվճար կնվիրվի ցուցահանդեսի բացմանը ներկա հյուրերին: Վերատպված լուսանկարներից զատ, գրքում համառոտ, բայց հանգամանալից ներկայացվում է Նպաստամատույց կոմիտեի պատմությունը, ծավալած գործունեության փուլերը, դրամահավաքությանը միտված կոմիտեի ռազմավարությունները, որբերի հետցնցումային ապաքինմանն ու հետագա հասարակական ինտեգրմանն ուղղված նախաձեռնությունները:

Բացման երեք օրերին էլ կատարումներով հանդես կգա «Նարեկացի» ժողնվագարանների համույթը (գեղ. ղեկավար` Հովիկ Սահակյան): Կցուցադրվի նաև Զարեհ Ճգնաւորեանի «Որ չկորչեն անհետ» («Lest They Perish») վավերագրական կինոնկարը:

Ցուցահանդեսի փակումից հետո վերատպված լուսանկարները կհամալրեն «Նարեկացի» տեսողական արվեստների մշտական հավաքածուն, իսկ Գյումրիի ցուցադրանմուշները կնվիրվեն «Թռչունյան տուն» մանկատանը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---