2006 թվականի առաջին եռամսյակում Հայաստանի համար գազի սակագինը կմնա 56 դոլար` հազար խորանարդ մետրի համար

PanARMENIAN.Net - Հայաստանին հաջողվել է ժամանակավոր գնային փոխզիջման հասնել «Գազպրոմի» հետ բանակցություններում: Ինչպես հաղորդել են «ԱրմՌոսգազպրոմ» ընկերության մամլո ծառայությունում, կողմերը համաձայնվել են, որ առաջին եռամսյակում Հայաստան առաքվող ռուսական գազի գինը կմնա նույնը` 56 դոլար հազար խորանարդ մետրի համար: Ավելի վաղ, հայկական կողմի համար գազի սակագների փոփոխության հետաձգման մասին հայտարարել էր նաեւ Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Թե ինչ գին կունենա ռուսական գազը ապրիլի 1-ից, ցույց կտան հետագա բանակցությունները: «Գազպրոմը» արդեն հայտարարել է գազի սակագինը մինչեւ 110 դոլար բարձրացնելու իր մտադրության մասին: Հիշեցնենք, որ առաջիկայում այդ հարցի շուրջ Մոսկվայում բանակցություններ կվարեն Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Վլադիմիր Պուտինը: Ներկայումս Ռուսաստանի մայրաքաղաքում է գտնվում Հայաստան գազի էքսկլյուզիվ մատակարարող` «ԱրմՌոսգազպրոմի» ղեկավար Կարեն Կարապետյանը:



Մինչդեռ, ինչպես գրում է «Ռոսիյսկայա գազետան», որոշ վերլուծաբաններ արդեն մատնանշում են ռուսական կողմի պրագմատիկ մոտեցման հետեւյալ պատճառը: «Հայաստանը մասնակից է ԱՀԿ-ին որպես «անցումային տնտեսությամբ» երկիր: Այդ կարգավիճակը, մասնավորապես, նախատեսում է նրա համար էներգակիրների արտոնյալ գների սահմանում, արտաքին պարտքերի սառեցում, դրանց վճարման ժամկետների երկարացում, ինչպես նաեւ սահմանափակումների վերացում «անցումային» երկրներից ապրանքների իրացման հարցում: Նման արտոնություններ Հայաստանն ունի նաեւ Եվրամիության «Եվրոպական հարեւանության քաղաքականության» ծրագրի շրջանակներում: Միեւնույն ժամանակ, ինչպես գրում է «ՌԳ»-ն, իրանական գազը Հայաստանի եւ Վրաստանի համար հազիվ թե լինի 95 դոլարից ավելի: «Նման ցուցադրական դեմպինգի պայմաններում, հունվարի սկզբին Եվրամիությունը խորհուրդ է տվել ավելացնել էներգակիրների ներկրումը Ադրբեջանից, Իրանից, Միջին Ասիայից եւ Մագրիբի երկրներից, իսկ օրերս այդ գաղափարին պաշտոնապես հավանություն է տվել նաեւ ԱՄՆ-ն»,-գրում է ռուսական թերթը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---