ԼՂՀ նախագահը որեւէ առաջխաղացում չի տեսնում Ադրբեջանի ղեկավարության կողմից

PanARMENIAN.Net - «Մենք ցանկանում ենք լավատես լինել, սակայն, կյանքը ցույց կտա, որքանով ենք մոտ կարգավորմանը, քանի որ այդ գործընթացը միայն մեզնից չէ կախված: Մենք պատրաստ ենք անցնել մեր ուղին, եթե մեր ընդդիմադիրն էլ իր ուղին անցնի: Այդ տեսակետից, ես որեւէ առաջխաղացում Ադրբեջանի ղեկավարության կողմից չեմ տեսնում: Այդ պատճառով, ցանկանալով լավատես լինել, ես հիմքեր չեմ տեսնում դրա համար»: Այդ մասին Ստեփանակերտում լրագրողներին է հայտնել Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանը` պատասխանելով ղարաբաղյան հարցի շուտափույթ կարգավորման հնարավորության մասին հարցին: Անդրադառնալով հակամարտության գոտում խաղաղապահ ուժերի տեղակայման հնարավորությանը` նախագահը նշել է.«Դա նորմալ գործընթաց է, սակայն այսօր դրա մասին խոսք չկա, քանի որ դեռեւս քննարկվում է կարգավորման խնդիրը: Եթե կողմերը համաձայնության գան, պայամանագրի կետերից մեկը կլինի խաղաղապահ զորքերի տեղակայումը: Սակայն, քանի որ լուծված չեն մնացած հարցերը, դեռեւս վաղ է քննարկել խաղաղապահ ուժերի կարգավիճակը, նրանց աշխատանքը եւ այլն»: Ընդ որում, ԼՂՀ նախագահն ընդգծել է, որ «Լեռնային Ղարաբաղը բոլորից շատ է շահագրգռված այն բանում, որ այդ հարցը խաղաղ լուծում ստանա», հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---