Կողմերի անհանդուրժողականությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական խոչընդոտն է

PanARMENIAN.Net - Կողմերի անհանդուրժողականությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական խոչընդոտն է: Այդ մասին, պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին OpenArmenia.com ֆորումի էջերում օնլայն-հարցազրույցի ժամանանկ, հայտարարել է Ռուսաստանի նախագահի Լեռնային Ղարաբաղի գծով լիազոր ներկայացուցիչ (1992-96թթ.), ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ, դեսպան Վլադիմիր Կազիմիրովը: Նրա խոսքերով, «Ադրբեջանի եւ Հայաստանի քաղաքական օրացույցն այս տարի խոչընդոտներ չի ստեղծում բանակցությունների եւ փոխադարձ զիջումների համար, առանց որի կողմերը չեն կարող գալ համաձայնության»: «Այժմ ավելի շատ հնարավորություններ կան առաջընթացի համար, քան 2007-2008թթ.»,-հայտարարել է նա: Սակայն միեւնույն ժամանակ դիվանագետը նշել է, որ գլխավոր խոչընդոտը կողմերի անզիջողականությունն է, «մաքսիմալիստական, ակնհայտորեն անհասանելի պահանջների» առաջ քաշումը:



Այդ կապակցությամբ Կազիմիրովը խորհուրդ տվեց չտրվել առաջխաղացման պատրանքներին: «Եթե Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունները իրատեսական մոտեցում չցուցաբերեն, ապա 2006 թվականին ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու բոլոր շանսերը կտապալվեն»,-նշել է նա: «Շուտով արդեն կավարտվի տարվա առաջին ամիսը, իսկ նախարարները միայն այսօր են հանդիպում Լոնդոնում: Ենթատեքստում նույնիսկ պայմաններ են դրվում նախագահների հանդիպման համար` իբր, արդյունավետություն է հարկավոր, իսկ ո՞վ, եթե ոչ իրենք պետք է ապահովեն այդ արդյունավետությունը: 2005 թ. նրանք հանդիպել են ընդամենը երկու անգամ, իսկ այժմ պետք է հանդիպել հինգ, յոթ անգամ, երբեմն նույնիսկ առանց լուսաբանման, գաղտնի: Եթե հակամարտության լուծումը նրանց համար գերակա խմդիր է, եթե նրանք իրոք ցանկանում են այն կարգավորել, այլ ոչ թե ընթանալ իրենց շահերի հունով: Նրանց կներվի նույնիսկ 5 անպտուղ հանդիպում, եթե 6-ը արդյունք տա»,-ընդգծել է Վ.Կազիմիրովը:



Պատասխանելով հակամարտության լուծման տարբերակների կոնկրետացման մասին հարցին` Կազիմիրովը նշեց, որ «կոնկրետ տարբերակ» դեռեւս չկա, եւ ավելացրեց.«Չկան նաեւ կամավոր քայլեր միմյանց ընդառաջ, ստիպողականներն են նույնիսկ քիչ»: Միեւնույն ժամանակ, նա հայտարարեց, որ նույնիսկ իմանալով մանրամասները, նա իրավունք չունի հրապարակել դրանք: «Սակայն խնդիրները բոլորին են հայտնի: Տարբերակները այնքան էլ շատ չեն, դրանք վաղուց հաշվարկված են, տեսարանը տեսանելի չէ հանրությանը, սակայն շոշափելի է: «Մանրամասներով, փոքր առաջխաղացումներով չգրգռելու համար հանրությանը, իշխանությունները թողնում են դրանք գուշակությունների մշուշում, ընդ որում ավելի հեռուն են գնում` խուսափելով նույնիսկ բուն այդ առաջխաղացումներից»,-ավելացրել է ռուս դիվանագետը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---