Հայաստանը շնորհակալ է Քուվեյթին սիրիահայերին ցուցաբերվող աջակցության համար

Հայաստանը շնորհակալ է Քուվեյթին սիրիահայերին ցուցաբերվող աջակցության համար

PanARMENIAN.Net - Մայիսի 31-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Քուվեյթի խորհրդարանի նախագահ Ալի Ֆահդ Ալ-Ռաշիդի հետ, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

Ողջունելով Քուվեյթի խորհրդարանի նախագահի այցը Հայաստան՝ նախարար Նալբանդյանը կարևորեց երկու պետությունների խորհրդարանական համագործակցությունը` ընդգծելով, որ այդ ձևաչափով փոխշփումները զգալիորեն նպաստում են երկկողմ հարաբերությունների զարգացմանը:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հավելեց, որ ջերմությամբ է հիշում անցյալ տարեվերջին Քուվեյթ կատարած իր պաշտոնական այցելությունը, որի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները արդեն կյանքի են կոչվում։

Քուվեյթի խորհրդարանի նախագահն իր հերթին շեշտեց, որ Հայաստանում ունեցած հանդիպումները շատ բովանդակային են և օրենսդիր մարմնի աջակցությունը հայտնեց երկու երկրների կառավարությունների կողմից երկկողմ փոխգործակցության ընդլայնմանն ուղղված գործուն քայլերին։

Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրեցին, որ Քուվեյթում և Երևանում դեսպանատների հիմնումից հետո երկու երկրների հարաբերությունները որակական նոր փուլ են թևակոխել։

Քուվեյթի խորհրդարանի ղեկավարն ու Հայաստանի արտգործնախարարը անդրադարձան քաղաքական, տնտեսական, հումանիտար ոլորտներում հարաբերությունների ամրապնդմանն ուղղված քայլերին։

Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին սիրիական ճգնաժամի հանգուցալուծման նպատակով ձեռնարկվող ջանքերի շուրջ։ Այս համատեքստում նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց Հայաստանում գտնվող սիրիահայերին Քուվեյթի իշխանությունների կողմից ցուցաբերվող աջակցության համար։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---