Նախարար. Մարզերից Երևան եկող հղիների թիվը 15%-ով կրճատվել է

Նախարար. Մարզերից Երևան եկող հղիների թիվը 15%-ով կրճատվել է

PanARMENIAN.Net - Մայիս ամսվա տվյալներով մարզերից Երևան եկող հղիների թիվը 15%-ով կրճատվել է: Ըստ ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի՝ սա վկայում է այն մասին, որ այդ 15%-ը կարող էին ծննդաբերել իրենց բնակավայրերում: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նախարարը նկատեց, որ մայիսի մեկից սկսած մարզերի հղիներն անվճար ծննդաբերելու իրավունք ունեն միայն մարզերում, իսկ մայրաքաղաքում ծննդաբերելու դեպքում ստիպված են վճարել:

Դերենիկ Դումանյանը հայտնեց, որ որոշման կայացմանը նպաստել է մասնագետների կարծիքը. մանկաբարձ-գինեկոլոգները խորհրդակցություններ էին անցկացրել, և նշել էին, որ իրենք ունեն վիճակագրական տվյալներ, որ մարզերի հղիների մոտ 20%-ը չհիմնավորված կերպով ծննդաբերում է Երևանում: «Այն բյուջետային միջոցները, որոնք մենք նախատեսել էինք տվյալ մարզերի համար, անհավասարակշռություն էր առաջացնում: Այն տվյալները, որ ունեին մեր մասնագետները վիճակագրական առումով իրենց արդարացրեցին:

Երևանում ծնունդների մոտ 40 %-ը մարզերից էր: Առաջին հերթին մասնագիտական մասն էր խաթարվում, քանի որ այն հղիները, որ կանանց կոնսուլտացիաների ժամանակ գտնվում էին մի մանկաբարձ գինեկոլոգի հսկողության տակ, ով շատ լավ գիտեր հղիության վիճակը, բնականաբար երբ իրենք սերտիֆիկատ էին վերցնում և գալիս Երևան, այդ կապը ընդհատվում էր»,- ասաց նախարարը:

Դերենիկ Դումանյանը նկատեց, որ որոշ հղիներ իսկապես պետք է Երևան գան, քանի որ ունեն բարդություններ, իսկ անհրաժեշտ միջոցառումներ մարզերի հիվանդանոցների պայմաններում հնարավոր չի լինում իրականացնել: Նա նաև նշեց, որ իրենք ստիպված էին լինում ֆինանսական միջոցների վերաբաշխում իրականացնել: Մենք որոշեցինք ոչ թե բնակավայրերի, այլ մարզերի կտրվածքով տեղայնացնել սերտիֆիկատները, քանի յուրաքանչյուր մարզում էլ կա ժամանակակից միջոցներով ապահովված բուժհիմնարկ:

Ավելացնենք, որ այն հղիները, որոնք կոնսուլտացիաները անցել են մարզերում և ցանկանում են ծննդաբերել մայրաքաղաքում, պետք է վճարեն այնքան, որքան սահմանված է՝ 107 հազար դրամ:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---