«Սեյսմիկ պաշտպանության մասին» ՀՀ օրենքի փոփոխման նախագիծն ԱԺ-ում է

«Սեյսմիկ պաշտպանության մասին» ՀՀ օրենքի փոփոխման նախագիծն ԱԺ-ում է

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԻ նախարարությունում նախարարի հրամանով ստեղծված աշխատանքային խմբի կողմից մշակվել է «Սեյսմիկ պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը»: Այն նպատակ ունի հստակեցնել նշված օրենքի մի շարք հասկացություններ և դրույթներ: Օրենքի նախագծում լրացվում է սեյսմիկ անվտանգության ապահովմանն առնչվող վերահսկման եղանակների և սկզբունքների կիրառումը, հստակեցվում և տարանջատվում են, որպես պարտադիր լիազորություններ, ՏԻՄ գործառույթները:

Այս օրենքի ընդունումն անհրաժեշտություն է առաջացնում համապատասխան լրացումներ և փոփոխություններ կատարել «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում: Վերոնշյալ օրենքներում առաջարկվող փոփոխությունները քննարկվել են ՀՀ շահագրգիռ մարմիններում, ՀՀ նախագահի և ՀՀ կառավարության աշխատակազմերում: Նշված մարմինների կողմից արդեն հավանություն ստացած նախագծերը ներկայացվել են ՀՀ Ազգային ժողովի քննարկմանը: Վերջինիս կողմից նախագծի ընդունմամբ կարող են լուծում ստանալ ոլորտի հետևյալ խնդիրները.

հստակ կսահմանազատվեն սեյսմիկ անվտանգության ապահովման հարցերով պետական կառավարման հանրապետական, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները, ինչպես նաև նրանց համագործակցության հարցերը: Կձևավորվի բարձր սեյսմիկ ռիսկի գոտիներում հողօգտագործման ենթաօրենսդրական դաշտը: ՀՀ օրենսդրությամբ կսահմանվեն շենքերի և շինությունների սեյսմակայունության, սեյսմիկ խոցելիության և սեյսմիկ ռիսկի գնահատման հետ կապված հետազոտությունների անցկացման մեխանիզմները: Քաղաքաշինական փաստաթղթերի ցանկում կարտացոլվեն և հաշվի կառնվեն տարածքների սեյսմիկ ռիսկի գործոնները:

ՀՀ Ազգային ժողովի կողմից օրենքների փաթեթի ընդունման դեպքում էապես կկատարելագործվի սեյսմիկ պաշտպանության բնագավառը կարգավորող իրավական դաշտը:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---