ՀՀ ՊՆ ղեկավար. Ռուսաստանի հետ ռազմական գործակցությունը վերանայելու մասին հարց բարձրացնելը վաղաժամ է

PanARMENIAN.Net - «Ռուսաստանից Հայաստան առաքվող գազի գնի բարձրացումը քննարկվում է պետությունների ղեկավարների մակարդակով, եւ իմ կողմից ճիշտ չէր լինի անդրադառնալ խնդրին միայն թանկացման լույսի ներքո, քանի որ խնդիրը զուտ տնտեսական չէ` այստեղ, տնտեսականից բացի առկա է նաեւ վստահության խնդիրը, եւ ոչ միայն վստահության, այլ այն հարցերի, որոնց մասին ընդունված չէ խոսել հրապարակավ»,-«Գոլոս Արմենիի» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար, հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Սերժ Սարգսյանը: Նրա խոսքերով, Ռուսաստանի հետ ռազմական գործակցությունը վերանայելու մասին հարց բարձրացնելը վաղաժամ է: Անդրադառնալով ՆԱՏՕ-ի հովանու ներքո Հայաստանի անցնելու նպատակահարմարության մասին եւ ռուսական ռազմակայանի դուրս բերման մասին խոսակցություններին Ռուսաստանի կողմից գազի սակագների բարձրացման դեպքում` Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ «խոսքը գնում է այս կամ այն գործիչների անձնական կարծիքի, այլ ոչ թե պետության դիրքորոշման մասին, նույնիսկ եթե այդ ամենն ասվում է այդ թվում եւ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից»: «Հայաստանը հազարավոր թելերով է կապված Ռուսաստանի հետ, եւ նա, ով Հայաստանում չի հասկանում այդ պարզ ճշմարտությունը, ի վիճակի չէ կայացնել Հայաստանի համար շահավետ որոշումներ, իսկ ով չի հասկանում այդ ճշմարտությունը Ռուսաստանում եւ հաշվի չի առնում այն իր ամենօրյա աշխատանքում, կարող է մեծ վնաս հասցնել դարերով ձեւավորված այդ հարաբերություններին»,-հայտարարել է նախարարը: ««Ռուսական գազի սակագների բարձրացումը, եթե նույնիսկ դա տեղի ունենա, չի կարող առիթ հանդիսանալ Հայաստանում ռուսական ռազմակայանի մասին պայմանագիրը վերանայելու համար: Մեր համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ վերջին տարիներին ակտիվացել է, սակայն չեմ կարծում, որ այդ թեման հարկ է շոշափել ռուսական գազի շուրջ ստեղծված իրավիճակում»,-հայտարարել է Ս.Սարգսյանը: Հաստատելով, որ այդ հարցի շուրջ ստեղծված իրավիճակը շատ հարցեր է հարուցել, նախարարը կարծիք հայտնեց, որ «հեռու չէ այն ժամը, երբ այդ հարցերը կստանան իրենց պատասխանները»:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---