Ռուսաստանը պաշտպանում է Հայաստանի եւ Ադրբեջանի անդամակցությունը Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքին

PanARMENIAN.Net - Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Յակովենկոն հույս է հայտնել, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարների լույսի ներքո կվերաբացվի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տրանսպորտային հաղորդակցությունը: Յակովենկոն գլխավորում է Ռուսաստանի պատվիրակությունը նախօրեին Վիեննայում մեկնարկած ԵԱՀԿ 14-րդ տնտեսական երկօրյա համաժողովին, որի ուշադրության կենտրոնում է տրասպորտի դերը եվրոպական կայունության եւ տնտեսական զարգացման հարցում: Նրա խոսքերով, «Մոսկվայում համոզված են, որ հաջող տնտեսական համագործակցությունը Հարավային Կովկասի երկրների միջեւ, նրանց տնտեսությունների հաստատուն աճը հազիվ թե հնարավոր լինի առանց տարածաշրջանի տրանսպորտային ուղիների, նախ եւ առաջ երկաթուղիների վերագործարկման»: Յակովենկոն հիշեցրել է, որ անցյալ տարվա հունվարին համաձայնագիր է ստորագրվել Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ Կովկաս (Ռուսաստան) եւ Փոթի (Վրաստան) նավահանգիստներով ուղիղ լաստանավաերկաթուղային հաղորդակցություն կազմակերպելու վերաբերյալ, իսկ 2004 թվականին վերականգնվեց ուղեւորագնացքների երթեւեկությունը Աբխազիայի տարածքով»,-հաղորդել է ՌԴ ԱԳՆ փոխղեկավարը: «Անցյալ շաբաթ տեղի ունեցավ ռուսական, հայկական եւ վրացական երկաթուղիների ղեկավարների հանդիպումը: Հանդիպմանը մանրակրկիտ քննարկվել են կոնկրետ առաջարկներ, որոնց հիման վրա արդեն կարելի է զբաղվել այն կառույցի ձեւավորմամբ, որն իր վրա կվերցնի այդ աշխատանքը»,-նշել է նա: Ըստ Յակովենկոյի, արդյունքում որոշում է կայացվել ռուսական, հայկական եւ վրացական երկաթուղիների մասնակցությամբ միջազգային կոնսորցիում ստեղծելու վերաբերյալ: «Այս որոշման նշանակությունը դուրս է գալիս զուտ տնտեսական շրջանակներից: Անհրաժեշտ է, որ պայմանագրի բոլոր մասնակիցները որքան կարելի է շուտ զգան երկաթուղու վերականգնման արդյունքը: Դա կունենար ոչ միայն սոցիալ-տնտեսական նշանակություն, այլ նաեւ կնպաստեր քաղաքական եղանակի առողջացմանը տարածաշրջանում»,-ընդգծել է ՌԴ ԱԳՆ փոխղեկավարը:



Ռուսաստանը պաշտպանում է նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի անդամակցությունը Հյուսիս-Հարավ (Սանքտ Պետերբուրգ-Հնդկաստան) միջազգային տրանսպորտային միջանցքին, ինչն, ըստ նրա, «այդ երկրների համար հասանելի կդարձնի նոր շուկաները եւ տարանցիկ ծառայությունները, ինչպես նաեւ կամրապնդի տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունը»,-նշել է նա, հաղորդում եմ ռուսական ԶԼՄ-ները:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---