Փորձագետ. Քամու էներգիայի պոտենցիալը Հայաստանում 10 անգամ գերազանցում է ԱԷԿ-ում արտադրվող էներգիայի ծավալը

Փորձագետ. Քամու էներգիայի պոտենցիալը Հայաստանում 10 անգամ գերազանցում է ԱԷԿ-ում արտադրվող էներգիայի ծավալը

PanARMENIAN.Net - Ըստ «Մաքուր էներգիա» կազմակերպության գնահատականի, քամու էներգիայի պոտենցիալը Հայաստանում կազմում է մոտ 10 000 ՄՎտ, ինչը 10 անգամ գերազանցում է ԱԷԿ-ում արտադրվող էներգիայի ծավալը: Հունիսի 10-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում նման կարծիք է հայտնել «Մաքուր էներգիա» ՀԿ փոխնախագահ Հայկ Խաչատրյանը՝ ամփոփելով էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում մոնիտորինգի արդյունքները: Սակայն, ըստ նրա, Հայաստանի պես փոքր երկրում կա տարածքի խնդիր, քանի որ հողմակայանների կուտակումը լուրջ հետևանքներ է ունենում շրջակա միջավայրի համար: Բացի այդ, դրանք կառուցվում են բարձունքներում, ինչը դժվարացնում է կառուցման գործընթացը: Ըստ փորձագետի, Լոռու մարզում գործում է նման հողմակայան:

Անդրադառնալով էլեկտրաէներգիայի ստացման այլ աղբյուրներին՝ Հայկ Խաչատրյանը առանձնացրեց երկրաջերմային էներգիայի արտադրությունը, երբ էլեկտրաէներգիա է արտադրվում երկրի ընդերքի էներգիայի հաշվին, ինչը կարելի է կազմակերպել Սյունիքի մարզում:

Ըստ նրա, Հայաստանի համար ամենահեռանկարային ուղղությունը արևի էներգիան է, այդ առումով մեր երկիրը ամենահարմարն է ողջ տարածաշրջանում:

Նրա հետ համամիտ էր վերականգնվող էներգիայի փորձագետ Հայկ Շեկոյանը, որն ընդգծեց արևի էներգիայի օգտագործման արդիականությունը գազի սակագնի բարձրացման պարագայում: Ըստ նրա, օրինակ, 5-հոգանոց ընտանիքի համար ջրատաքացուցիչ կայանի տեղակայման համար կպահանջվի 300 000 դրամ: Կայանը կարելի է տեղադրել սեփական տան բնակիչների կամ բազմաբնակարան շենքի վերին հարկերի բնակիչների համար և օգտագործել 20 տարի շարունակ: Սակայն, այդ դեպքում հարկ կլինի հաշվի առնել ոչ արևոտ օրերի առկայությունն ու գազ օգտագործել: «Դա թույլ կտա տնտեսել էներգիայի 60-70 տոկոսը»,-ասել է նա:

Այլընտրանքային աղբյուրներից Շեկոյանը նշեց նաև կենսագազի կիրառումը, որը որոշ գյուղացիներ օգտագործում են ջերմոցների ջեռուցման համար: Կա նաև հայ-չինական նախագիծ Նուբարաշենի աղբանոցի մոտ կենսագազի արտադրություն հիմնելու վերաբերյալ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---