Պարսիկները գերադասում են հայկական ոչխարները վրացականներին

Պարսիկները գերադասում են հայկական ոչխարները վրացականներին

PanARMENIAN.Net - Ոչխարների արտահանումը Հայաստանից Իրան խթանեց ոչխարաբուծության զարգացումը մեր երկրում: Այդ մասին այսօր կայացած մամլո ասուլիսում հայտարարել է գյուղատնտեսական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, ՀՀ գյուղնախարարության անասնաբուծության ու տոհմային գործի վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը: «2012թ. ոչխարների գլխաքանակը 2011թ. համեմատ ավելացել է 85 հազարով: Ոչխարների ու այծերի ընդհանուր գլխաքանակը կազմում է 674 500»,-ասել է նա: Ըստ մասնագետի, նման աճը հանգեցրեց գների նվազման, և այժմ շուկայում 1կգ ոչխարի միսը նախկին 4500 փոխարեն կարելի է ձեռք բերել 2800-3000 դրամով:

Միաժամանակ Աշոտ Հովհաննիսյանը նշեց, որ գյուղնախարարությունը շեմ է սահմանել Իրան ոչխարների արտահանման համար, որի համաձայն արտահանումը չի կարող գերազանցել տարեկան 180 հազարը:

Նա հայտնեց նաև, որ այս տարի արդեն պայմանավորվածություններ են ձեռք բերվել Իրանի գործարարների հետ, որոնք մտադիր են 2013թ. գնել մոտ 150 000 գլուխ ոչխար: Մասնագետը նաև նշեց, որ հայ արտադրողները գնում են Վրաստանում 20-30 հազար ոչխար՝ բավարարելու համար Իրանի պահանջարկը: Սակայն, ինչպես հավաստիացրեց Աշոտ Հովհաննիսյանը, պարսիկները գերադասում են հայկական ոչխարը՝ 40-50 կգ քաշ ունեցող հասուն մսատու ոչխարներին, վրացիների ավելի փոքր 30-40 կգ կշռող ոչխարներին:

Անդրադառնալով Սյունիքի մարզի արոտավայրերը պարսիկներին վարձակալությամբ հանձնելու հարցին՝ Հովհաննիսյանն ասաց, որ հայկական կողմը կտրականապես դեմ է այդ արոտավայրերի վարձակալությանը օտարերկրացի գործարարների կողմից: «Մենք մի ծրագիր ենք մշակել, և ներկայացրել ենք կառավարությանը, որի համաձայն առաջարկում ենք զարգացնել ոչխարաբուծությունը Սյունիքում, գլխաքանակը հասցնելով 150 000 ոչխարի ու վաճառել Իրանին»,-ասել է գյուղնախարարության ներկայացուցիչը՝ հավելելով, որ կառավարությունը հակված է հաստատելու այդ նախագիծը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---