ԱԱԽ ղեկավարի նախագահությամբ տեղի է ունեցել Միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստը

ԱԱԽ ղեկավարի նախագահությամբ  տեղի է ունեցել Միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստը

PanARMENIAN.Net - Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության ռազմական արդյունաբերության համակարգի բարեփոխումների և զարգացման հայեցակարգի ու դրա դրույթների իրականացման նպատակով ընդունված միջոցառումների ծրագրի իրականացման հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստը:

Միջգերատեսչական հանձնաժողովը ստեղծվել է ՀՀ նախագահի ապրիլի 30-ի կարգադրությամբ:

Նիստի բացման խոսքում ԱԱԽ Քարտուղար Արթուր Բաղդասարյանը նշեց. «Այսօր տեղի է ունենում հանձնաժողովի առաջին նիստը, որի ընթացքում քննության կառնենք և կհստակեցնենք առաջիկա խնդիրներն ու անելիքները, կնախանշենք կառավարության կողմից հաստատված ռազմարդյունաբերական համալիրի բարեփոխումների ծրագրի միջոցառումների իրականացման աշխատանքները: Այս հանձնաժողովը ունի քաղաքական, տնտեսական և սոցիալական, և որ ամենակարևորն է, մեր երկրի անվտանգության ապահովման տեսանկյունից առանձնահատուկ նշանակություն:

Ուզում եմ ընդգծել, որ մեզ սպասում է բավականին համառ, ծանր, դժվարին աշխատանք: Ոլորտը բավականին բարդ է, բազմաթիվ խնդիրներ կան կուտակված, նաև բազմաթիվ ուղղություններով կա կատարված մեծ աշխատանք, բայց մեր հանձնաժողովի նպատակը պետք է լինի, որպեսզի կարողանանք ռազմական արդյունաբերության խնդիրներին տանք նոր հայացք, առաջարկենք նոր լուծումներ, ներգրավենք նաև մեր պետական կառավարման մարմինների ներուժը` ռազմական արդյունաբերության ոլորտում դրական զարգացումներ ապահովելու համար:Սա նաև հանրապետության նախագահի հստակ դիքորոշումն է և այս հանձնաժողովը վճռական է լինելու համախմբված աշխատելու և լավ արդյունքներ ունենալու համար»:

Նիստում հանձնաժողովի անդամները իրենց գերատեսչություններին վերաբերող մասով հանդես եկան զեկույցներով` ներկայացնելով ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված` ՀՀ ռազմական արդյունաբերության համակարգի բարեփոխումների և զարգացումների հայեցակարգից բխող միջոցառումների ծրագրի կատարման ընթացքը: Նիստում ընդունվեց որոշում հանձնաժողովին կից ձևավորել մշտապես գործող ռազմատեխնիկական և գիտահետազոտական խորհուրդ` կազմում ընդգրկելով բարձրակարգ գիտնականների, հետազոտական-կոնստրուկտորական կազմակերպությունների ներկայացուցիչների, փորձագետ -մասնագետների:

Հանձնաժողովը քննարկեց կազմակերպչական այլ հարցեր ևս:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---