ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ՀՀ ազգային ծրագիրը միտված է մարդու իրավունքների ապահովմանը

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ՀՀ ազգային ծրագիրը միտված է մարդու իրավունքների ապահովմանը

PanARMENIAN.Net - Հունիսի 10-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան քննարկեց երկու տարի առաջ իր իսկ կողմից ընդունած ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի բնագավառում հանձնառությունների և քաղաքական հռչակագրի իրագործման ընթացքը: ԳԱ լիագումար նիստին ընդունվեց համանուն խորագիրը կրող որոշում ու ներկայացվեց նաև 2011թ. ընդունված ՁԻԱՀ-ի քաղաքական հռչակագրի իրականացման ուղղությամբ ձեռնարկված քայլերի մասին ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի զեկույցը, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

Նիստին ելույթներով հանդես եկան կազմակերպության գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը, մի շարք անդամ պետությունների, այդ թվում` ԵՄ-ի, ՌԴ-ի, Ուկրաինայի, Ավստրալիայի, Նորվեգիայի, ԱՄՆ-ի, Հնդկաստանի, Կանադայի, Ճապոնիայի, Ֆրանսիայի, Բրազիլիայի, Արգենտինայի և Հայաստանի պատվիրակությունները, որոնք ներկայացրեցին հռչակագրում տեղ գտած, ԶԻԱՀ-ի դեմ պայքարում մինչև 2015թ. հիմնական թիրախային տաս նպատակներին հասնելու ուղղությամբ արձանագրված առաջընթացի և իրենց երկրներում կատարված քայլերի արդյունքները: ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանն իր ելույթում, մտահոգություն հայտնեց, որ, չնայած աշխարհում ընդհանուր առմամբ ՄԻԱՎ/ԶԻԱՀ-ի հետևանքով մահացության դեպքերի նվազման հանգամանքին, Արևելյան Եվրոպայում նկատվում է հակառակ միտում` աճ: Նա նշեց, որ Հայաստանում ՄԻԱՎ-ի վարակման դեպքերի զգալի մասը (ավելի քան 50%) գրանցվել է միգրանտների շրջանում և հավելեց, որ վերջին տարիներին ՀՀ-ում վարակվածների թվի աճը կապված է նաև լաբորատոր ախտորոշման հասանելիության ընդլայման, խորհրդատվական և ուղղորդման համակարգի ներդրման արդյունքում առավել արդյունավետ կերպով վարակակիրների հայտնաբերման հետ:

ՀՀ դեսպանն ընդգծեց, որ հարցը գտնվում է ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում և, չնայած համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամին, վերջին տարիներին ԶԻԱՀ-ի դեմ պայքարի շրջանակներում իրականացվող միջոցառումներին պետության ֆինանսական օժանդակությունն ավելացել է՝ հավելելով, որ ՀՀ ազգային ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ազգային ծրագիրը միտված է մարդու իրավունքների և գենդերային հավասարության ապահովմանը, իսկ միգրանտներն ու պատանիները գտնվում են առաջնային թիրախային խմբերի շարքում: Գնահատելով Հայաստանում վարակի դեմ պայքարում միջազգային գործընկեր-դոնորների ջանքերը՝ դեսպան Նազարյանը նշեց, որ անհրաժեշտություն է դիտվում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հակազդումը ներառել նաև 2015թ.-ից հետո ընկած ժամանակահատվածի կայուն զարգացման նպատակներում և ծրագրերում:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---